16:44 | 31.01.13 | Նորություններ | 1935

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացել է ISO 26000 վկայագիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում բջջային ծառայություններ մատուցող առաջին ընկերությունը, որը հաջողությամբ սկսել է կիրառել ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:

ISO 26000 կատարողականի գնահատումը սահմանում է կազմակերպության կատարողական արդյունավետությունը եւ սոցիալապես պատասխանատու գործելակերպի անընդհատ բարելավումը: Որպես ուղեցույցներ` ISO 26000-ն առաջարկում է լուծումների բազմաթիվ տարբերակներ, որոնց ընտրության հարցում կազմակերպությունը կարող է դրսեւորել ազատ մոտեցում:

ISO 26000-ը կազմակերպություններին խրախուսում է վերանայել շահառուների հետ իրենց հարաբերությունները եւ ընտրել ISO 26000-ի այն հանձնարարականները, որոնք ընկերությունների համար առավել կիրառելի են` համապատասխան ոլորտներում հասարակության հետ կապ հաստատելու եւ պահպանելու համար:

ISO 26000-ն ներառում է սոցիալական պատասխանատվության առանցքային յոթ կետ, որից յուրաքանչյուրի մասով ներկայացվում են հիմնական խնդիրները եւ տրվում համապատասխան քայլեր ու գործողություններ ձեռնարկելու հանձնարարական-խորհուրդներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարողական արդյունավետությունը գնահատվել է բոլոր ցուցանիշներով: Ընդ որում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ փորձաքննությունն է անցել ներկայացված յոթ կետով.

- Կազմակերպության կառավարում;

- Մարդու իրավունքներ;

- Աշխատանքային գործընթացներ;

- Շրջակա միջավայր;

- Արդար գործառնական գործընթացներ;

- Սպառողին վերաբերող խնդիրներ;

- Համայնքային ներգրավվածություն եւ զարգացում:

Նշված սկզբունքները ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած հիմնարար արժեքներին համապատասխանում են ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից:

«Հաջողությամբ անցնելով ISO 26000-ի փորձաքննությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ապացուցեց կորպորատիվ գործելաոճի բարձր ստանդարտներին իր հավատարմությունն ու համապատասխանելու վճռականությունը, այլեւ վերահաստատեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ընկերության ռազմավարության մաս է կազմում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: