13:00 | 22.01.13 | Նորություններ | 664

Հոլանդացի ճարտարապետը նախատեսում է 3D տպիչներով շենքեր կառուցել

Երեւան/Մեդիամաքս/. Հոլանդացի ճարտարապետ Յանյափ Ռուիսենարսը (Janjaap Ruijssenaars) հայտնել է հատուկ 3D տպիչների արտադրության նախագծի մասին, որոնք կկարողանան շենքեր կառուցել:

Ճարտարապետը նախատեսում է այս եղանակով €4-5 մլն արժողությամբ շենքեր կառուցել տարբեր երկրներում, եւ հայտնել է, որ որոշ թանգարաններ, ցուցասրահներ եւ անհատներ արդեն հայտնել են հետաքրքրություն նման եղանակով կառուցվելիք շենքերի մեջ, գրում է BBC-ն:

Աշխարհում ամենամեծ 3D տպիչի վրա աշխատանքները ճարտարապետն իրականացնում է ոլորտի փորձագետ Էնրիկո Դինիի հետ:

1000 քառակուսի մետր մակերեսով 3D տպիչը որպես հումք օգտագործելու է ավազ եւ հատուկ կպչող նյութեր, որոնք կազմելու են մարմարին մոտ նյութ` ավելի ամուր քան ցեմենտը: Սակայն կառուցվելուց հետո այդ շենքերը դեռեւս պահանջելու են բետոնե ամրացումներ:

«Ինձ՝ որպես ճարտարապետի համար, շատ հետաքրքիր է աշխատել այս սպեցիֆիկ դիզայնի հետ: 3D տպիչով կառուցված շենքերը չեն ունենա ոչ սկիզբ, ոչ վերջ: Ավանդական ճանապարհով շենք կառուցելիս դուք ստիպված եք կառուցել փայտե կաղապար, լցնել են բետոնով, այնուհետեւ հանել փայտը՝ դա ժամանակի եւ էներգիայի ծախս է: Փոխարենը կարելի է ուղղակիորեն տպել այն ինչ ուզում եք», - ասում է Յանյափ Ռուիսենարսը:

Ըստ նրա, առաջին նման շենքը կկառուցվի 2014-ին: