07:56 | 14.12.12 | Նորություններ | 3220
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության հիմնադրած Տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիային տրամադրել է օպտիկա-մանրաթելային տեխնոլոգիաների հիման վրա գործող 10 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի կապուղի եւ Wi-Fi տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության երեք կետ` ակադեմիայի տարածքում անլար ցանցից օգտվելու նպատակով:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանի բուհական կրթությանը, որպեսզի տաղանդավոր երիտասարդների համար հայրենիքում արժանապատիվ ապրելու եւ արարելու ավելի մեծ հնարավորություններ երաշխավորվեն: Մենք ապրում ենք աշխատուժի ազատ տեղաշարժի դարաշրջանում, եւ որակյալ մասնագետների համար Հայաստանը գրավիչ դարձնելու միակ միջոցը ուսման, զարգացման եւ մրցունակ աշխատավարձ երաշխավորող միջավայրի ստեղծումն է: Սա է Հայաստանում Մայքրոսոֆթի հետ մեր համագործակցության նպատակը», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: