04:43 | 11.12.12 | Նորություններ | 813

ՀՀ վարչապետն ԱՄՆ-ում մասնակցել է «ԱրմԹեք-2012»-ի բացմանը

ԱՄՆ-ի Սան Հոզե քաղաքում այսօր մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։

Ողջունելով «ԱրմԹեք-2012»-ի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ համաժողովը նոր լիցք կհաղորդի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

«Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է, խորհրդային տարիներին ձեւավորված մաթեմատիկայի եւ բնական գիտությունների դասավանդման լավ ավանդույթներն ու տվյալ ոլորտում բավական ամուր համալսարանական ներուժը»,- ասել է վարչապետը:

Վարչապետը կարեւորել է համաշխարհային գիտական եւ տեխնոլոգիական առաջատար կենտրոններից մեկի՝ Կալիֆոռնիա նահանգի մեծաթիվ հայկական համայնքի դերը, ինչը, նրա կարծիքով, տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանի լրջագույն առավելություններից է:

Անդրադառնալով ՏՏ զարգացման միտումներին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է ոլորտի ավելի քան 350 կազմակերպություն, ընդհանուր շրջանառությունը $205 մլն է, իսկ զբաղվածների թիվը հասնում է 6760-ի: