02:47 | 05.12.12 | Նորություններ | 2033
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի երկաթուղում առաջին անգամ ներդրվել է կայարանում աշխատանքի կառավարման նորագույն համակարգ՝ կայարանի հերթապահի ավտոմատացված աշխատատեղ, հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում (ՀԿԵ):
Համակարգը ներդրվեց Սպիտակ կայարանում եւ թույլ կտա կառավարել աշխատանքը միանգամից մի քանի կայարաններում: Ներկա պահին համակարգում ընդգրկված են Սպիտակ եւ Արչուտ կայարանները, իսկ դեկտեմբերի 20-ից համակարգին կմիանան նաեւ Հաղպատ եւ Ախթալա կայարանները: Աշխատանքի ընդհանուր կառավարումն իրականացվելու է Սպիտակից:
Համակարգը թույլ կտա օպերատիվ կարգով լուծել տեխնոլոգիական գործընթացի հետ կապված խնդիրները, ընդունել, ցուցադրել եւ պահպանել հսկվող կայարաններում գնացքների շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, նույնականացնել շարժակազմը եւ հետեւել փոխադրումներին, սահմանել գնացքների ժամանման եւ մեկնման ժամանակը, ինչպես նաեւ տեղեկացնել գծերի վրա աշխատող անձնակազմին, հսկել լուսաֆորների ու կենտրոնացման, արգելակման եւ կապի միջոցների աշխատանքը: