07:26 | 03.12.12 | Նորություններ | 5521

Լսողության խանգարումներ ունեցողների համար հատուկ կայքեր են գործարկվել

Այսօր Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ջանքերով եւ Orange Հիմնադրամի աջակցությամբ գործարկվեցին երկու վեբկայք՝ www.deaflife.am եւ www.deaf.am, որոնք նախատեսված են խուլ եւ վատ լսողություն ունեցող անձանց համար, հատուկ ժեստերի լեզվի հայերեն տարբերակով:

www.deaflife.am-ը ստեղծվել է Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշխատակիցների եւ սաների կողմից: Այն լավագույն միջոց է խուլերի լեզուն, պատմությունն ու մշակույթը պահպանելու եւ ժեստերի լեզվով սերունդներին փոխանցելու, ինքնուրույն տեղեկատվություն ստանալու եւ լսող հասարակությանն ինտեգրվելու համար:
 
Կայքը արժեքավոր է նաեւ նրանով, որ հասանելի է Խուլերի միավորման անդամ խուլ մեծահասակներին, մանուկներին եւ օգտակար է սոցիալական տարբեր խմբերի համար՝ չլսող երեխաների ծնողների, նրանց հետ աշխատող մանկավարժների եւ այլ շահագրգիռ աձանց՝ լսող եւ չլսող:

Մյուս կայքը՝ www.deaf.am-ը, ստեղծվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ եւ հանդիսանում է հայերեն ժեստերի լեզվով առցանց երկխոսության յուրօրինակ տիրույթ ոչ միայն լսողության խանգարումներ ունեցող անձանց, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նրանց լեզվաբանական եւ մշակութային առանձնահատկություններով:

Ժեստերի հայերեն լեզվով կրթական, մշակութային եւ տեղեկատվական տեսանյութերը կբարելավեն Հայաստանում լսողության խանգարումներ ունեցող ավելի քան 3,500 անձանց դասավանդման  եւ ուսման արդյունավետությունը, ինչպես նաեւ նրանց ընտանիքների առօրյան, եւ կնպաստեն կրթության հավասար պայմանների ստեղծմանը:

«Երկու կայքերն էլ ունեն շատ հետաքրքիր բովանդակություն լսողության խանգարումներ ունեցող անձանց համար, ինչպես նաեւ այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են այս մարդկանց խնդիրներով: Ուրախ ենք տեսնել, որ ինտերնետը կարող է դրական փոփոխություններ բերել նման խնդիրներ ունեցող անձանց կյանքում», - նշել է Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: