04:29 | 28.11.12 | Նորություններ | 1359
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է Microsoft ՏՏ ակադեմիայի պաշտոնական բացումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Microsoft ՏՏ ակադեմիան սկսել է գործել նոյեմբերի 15-ից: Արդեն ձեւավորվել է ուսանողների մի քանի խումբ:
Microsoft-ի ՏՏ ակադեմիայի ծրագրին անդամակցությունը հնարավորություն է տալիս օգտվելու ուսումնական ծրագրերի հարուստ ընտրանուց, ծրագրաշարերից եւ տեխնիկական հնարավորություններից, ինչպես նաեւ Microsoft-ի վկայագրման քննություններին մասնակցելուց եւ շուկայավարման հնարավորություններից:
Microsoft-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ ակադեմիայում նախատեսվում է իրականացնել տարբեր կուրսեր՝ 1-ից 6 ամիս տեւողությամբ: Հաջողությամբ ավարտելով դասընթացը՝ շրջանավարտները կստանան ինչպես Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դիպլոմը, այնպես էլ Microsoft-ի հավաստագիրը:
Ակադեմիայի շրջանակներում գործելու են նաեւ թեստավորման եւ գիտահետազոտական կենտրոններ: