01:43 | 26.11.12 | Նորություններ | 3464

ՀԾԿՀ-ն հերքում է Orange-ի տնօրենին` 2013թ. հուլիսին MNP-ին չի ներդրվելու

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանն այսօր հերքել է պնդումներն այն մասին, որ որոշում է ընդունվել Հայաստանում հուլիսին անցում կատարել բջջային համարների փոխանցելիության համակարգին (MNP) համակարգին:

Նոյեմբերի 23-ին Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն Մեդիամաքս-ին ասել էր, որ «Orange-ը սատարում է Հայաստանի իշխանությունների վճռական որոշումը ներդնել համարների տեղափոխության համակարգը 2013թ. հուլիսին»:

ՍիվիլՆեթի հետ զրույցում ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանն ասել է.

«Ես լավ չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում իշխանությունների որոշում արտահայտությունը: Բոլորին հայտնի է, որ հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինը կոչվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հանձնաժողովը MNP ծառայության ներդրման ժամկետների հետ որեւէ որոշում չի ընդունել եւ հայտարարություն չի արել։ Ասել ենք ընդամենը մեկ բան, որ այս տարվա մեր աշխատանքային ծրագրում՝ որպես ծրագրային կետ, հարց կա, որ ուսումնասիրվի եւ ներկայացվի առաջարկություն» ։

Ըստ նրա՝ ՀԾԿՀ-ի հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը ներկայում դեռ քննարկումների փուլում է, այդ թվում՝ բջջային կապի ծառայություններ մատուցող բոլոր երեք ընկերությունների հետ։

«Ինչպես տեղեկացրել էի իմ նախորդ հարցազրույցում, շրջանառության մեջ է դրվել եւ քննարկվում է որոշման նախագիծ: Նախագծի ընդունումից հետո մենք կհայտարարենք հիմնական սկզբունքները, ուղղությունները, պայմանները եւ կամրագրենք MNP-ի ներդրման հետ կապված հստակ ժամկետները ։ Ինչ վերաբերում է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հայտարարությանը, որ 2013թ. հուլիսին ներդրվելու է MNP համակարգ, ապա դա չի համապատասխանում իրականությանը։ Ժամկետների վերաբերյալ որոշումը կընդունվի այս տարվա դեկտեմբերի կեսերին»,- ասել է Արաբաջյանը։

Ըստ Արաբաջյանի՝ MNP համակարգին անցման համար նախ անհրաժեշտ է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում կատարել փոփոխություններ։ Փոփոխությունների նախագիծը Հանձնաժողովը արդեն ներկայացրել է կառավարություն, եւ գործադիրն այն հավանության է արժանացել եւ ուղարկել Ազգային ժողով։ Օրենքի նախագծի ընդունմանը զուգահեռ կընդունվեն մի շարք իրավական ակտեր, որոնք կկանոնակարգեն տեխնիկական, ֆինանսական եւ մի շարք այլ խնդիրներ, կկարգավորվի նաեւ համարների տեղափոխության գործընթացը։

Հաջորդ քայլով, ըստ նրա, կհիմնվի տեխնիկական համակարգ, որը ենթադրում է համարների միասնական բազայի ստեղծում։ «Պետք է լինեն որոշակի մասնագիտական հմտություններ ունեցող ընկերություններ, որոնք կկարողանան ներդնել այդ համակարգը եւ այն շահագործել։ Ենթադրում եմ, որ պետք է հայտարարվի մրցույթ, որի արդյունքում, հաշվի առնելով գին/որակ հարաբերակցությունը, կորոշվի հաղթող ընկերությունը»,- ՍիվիլՆեթ-ին ասել է Սամվել Արաբաջյանը։

«Նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում մենք Ֆրանսիս Ժելիբտերի հայտարարած ժամկետում՝ 2013թ. հուլիսին, չենք կարող պատրաստ լինել MNP-ի ներդրմանը»,- նկատել է Սամվել Արաբաջյանը։