Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
02:26 | 20.11.12 | Նորություններ | exclusive 3555
Երեւան/Մեդիամաքս/. Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Հայաստանում բջջային համարի փոխանցելիոթյան (MNP) ծառայության ներդրման մասին: Այդ մասին հայտարարություն արեց Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրենը, այնուհետեւ մեր հետ հարցազրույցում մեկնաբանեց ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը: Խնդրի մասին խոսել է նաեւ ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մեդիամաքս-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից, որն ասաց հետեւյալը.
«Մենք կողմ ենք այդ ծառայության ներդրմանը մեր շուկայում, սակայն համոզված ենք, որ որոշումները չպետք է հապճեպ կայացվեն:
Ամեն շուկա ունի իր յուրահատկություններն ու նրբությունները: Համոզված եմ, որ Հայաստանում MNP-ի ներդրման համար պարտադիր պայման պետք է լինի երկրի տարածքում հավասարազոր ծածկույթի ապահովումը բոլոր երեք օպերատորների կողմից: Կարող է թվալ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շահերին հակասող բան եմ ասում, քանի որ այսօր մենք ունենք Հայաստանում ամենաընդարձակ ցանցը, եւ գաղտնիք չէ, որ մյուս երկու գործընկեր օպերատորներն իրենց ցանցի ծավալներով զիջում են մեզ: Սակայն այս հարցում պետք է առաջնորդվել ոչ թե այս կամ այն օպերատորի, այլ մեր երկրի, քաղաքացիների ու սպառողների շահով: Օրինակ, Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Մովսես գյուղում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծածկույթ ունի, իսկ մեր գործընկեր-մրցակիցները` ոչ: Եթե այս պայմաններում ներդրվի MNP համակարգը, ինչպե՞ս են այդ գյուղի բնակիչները օգտվելու այդ ծառայությունից:
Մենք կարծում ենք, որ MNP-ի ներդրումը տրամաբանական կլինի բոլոր օպերատորների կողմից համաչափ ծածկույթ ունենալու պարագայում: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ծառայությունը ներդրվում է սպառողներին իրական ընտրության հնարավորություն տալու նպատակով»: