06:04 | 14.11.12 | Նորություններ | 4005

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ծրագիրն է ներկայացել «Կրթություն եւ կարիերա EXPO 2012»-ում

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացնող տաղավարով մասնակցում է այսօր Երեւանում մեկնարկած «Կրթություն եւ կարիերա  EXPO 2012» ցուցահանդեսին: 

Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ուսանողներին, դասախոսներին, աշակերտներին եւ, առհասարակ, կրթական ոլորտի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, նշել են ընկերությունում:

Ծրագրի քառամյա գոյության ընթացքում ավելի քան 5000 ուսանողի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը 64 անգամ հանդես է եկել դասախոսությամբ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել ընկերության եւ շուրջ 37 բարձրագույն կրթական հաստատության միջեւ, 26 բաց դռների օր է կազմակերպվել Երեւանի եւ մարզերի դպրոցների ավելի քան 450 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի  ուսուցողական 6 դասընթաց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել ավելի քան 250 ուսանող, Հայաստանի տարբեր բուհերից 200 ուսանող մասնակցել է կրթական ֆոնդ ծրագրին, շուրջ 29 համալսարան համալրվել է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարաններով, նոր համակարգիչներով, տպիչներով, ինտերակտիվ գրատախտակներով, լուսարձակներով, փոխանջատիչներով եւ ժամանակակից այլ տեխնիկայով:
   
ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատում է նաեւ հատուկ կարիքներով 37 աշխատակից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կարիերայի զարգացման ծրագիր է մշակել կոնկրետ նպատակով. օգնել ուսանողությանը` տեսական եւ գործնական գիտելիքները համադրելու հարցում: Այս կերպ մենք ցանկանում ենք տարիների ընթացքում ընկերության կուտակած գործնական գիտելիքի հսկայական պաշարը փոխանցել Հայաստանի երիտասարդներին, ինչը նրանց կօգնի ինքնադրսեւորվել եւ ապագա կերտել հայրենիքում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կրթություն եւ կարիերա EXPO 2012»-ը կանցկացվի նոյեմբերի 14-ից 16-ը` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան ինստիտուտ): Ցուցահանդեսի նպատակը աշակերտությանը եւ ուսանողությանը  ժամանակակից կրթության վերաբերյալ համապարփակ տեղեկություններ տրամադրելն է,  կրթօջախ-ձեռնարկություն համագործակցությանը նպաստելը, աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին հանրությանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ  հանդիպումներ կազմակերպելը, ինչպես նաեւ կրթական նոր ծրագրերի շուրջ` պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպություններին համախմբելը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցն է: