05:32 | 12.11.12 | Նորություններ | 3153

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «WebԾիրան» 2-րդ օնլայն կինոփառատոնի գլխավոր հովանավորն է

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 20-ին կմեկնարկի «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը, որի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Արդեն երկրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մշակութային կարեւոր միջոցառում դարձած «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնին, որի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երիտասարդ սերնդի հայ կինոգործիչները գնահատվում են հասարակության կողմից: Վեբ տեխնոլոգիաների եւ կինոարվեստի եզակի այս համադրությունը քիչ հայտնի կինոգործիչներին հնարավորություն է տալիս իրենց ֆիլմերը ներկայացնելու ավելի լայն լսարանի` առանց զգալի ֆինանսական ներդրումների եւ առանց սահմաններ հատելու, հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց  տաղանդը, դառնալ հայտնի եւ գրավել հանրության, ինչպես նաեւ ֆիլմարտադրողների ուշադրությունը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնը սահմանել է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, խրախուսական մրցանակի արժանացածները` 100-ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ հատուկ դիպլոմի:

«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: 

«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես www.webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:

Կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները` ներկայացնելով մինչեւ 20 րոպե տեւողությամբ, առանց ժանրային եւ ձեւաչափային սահմանափակումների  ֆիլմեր:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին մասնակցելու համար, անհրաժեշտ է նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում DVD ֆորմատով ֆիլմերը ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ: