07:12 | 22.10.12 | Նորություններ | 1115

«ԱրմԹեք-2012»-ը կանցկացվի Սիլիկոնյան հովտում

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 10-11-ին Սիլիկոնյան հովտում տեղի կունենա «ԱրմԹեք-2012» կոնգրեսը, որտեղ հատուկ շեշտադրում կարվի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համագործակցությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստում:

Ակնկալվում է, որ կոնգրեսի շրջանակում Սիլիկոնյան հովտում կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը եւ Intel ընկերության հետ կկնքվի Հայաստանում կենտրոն հիմնելու վերաբերյալ հուշագիր:

Նիստի ընթացքում Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի այս տարվա աճը կազմել է 25 %, ոլորտի կազմակերպությունների թիվը նախորդ տարվա 281-ի փոխարեն հասել է 350-ի, իսկ ակնկալվող շահույթը կկազմի $250 մլն նախորդ տարվա $200 մլն-ի փոխարեն:

Հիմնադրամի տնօրենն ասել է, որ գրեթե հավասարվել է տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների կշիռը, իսկ ոլորտի մասնագետների թիվն այս տարի կգերազանցի 7800-ը՝ նախորդ տարվա 6700-ի փոխարեն:

Անդրադառնալով Արցախում ՏՏ բնագավառի զարգացման միտումներին՝ նա տեղեկացրել է, որ այնտեղ բացվել է ամերիկյան կապիտալով երրորդ կազմակերպությունը, Տեխնոպարկի ձեւավորման համար էլ հատկացվել է համապատասխան տարածք:

Ակնկալվում է, որ «Սինոփսիս» եւ «Թումո» կենտրոնները կտեղակայվեն նաեւ Արցախում: