08:20 | 04.10.12 | Նորություններ | 1858

Երեւանի թիվ 76 դպրոցի աշակերտները 121 հատ XO համակարգիչներ ստացան

երեւան/Մեդիամաքս/. Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի ՆՈՒՌ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 4-ին, 121 հատ XO համակարգիչներ բաժանվեցին Երեւանի թիվ 76 Արգենտինյան Հանրապետություն հանրակրթական դպրոցի տարրական դասարանների բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին:

Արարողությանը մասնակցում էին բարերար Էդուարդո Էռնեկյանը եւ ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, հայտնել են Ֆրութֆուլ Արմենիայի մամլո ծառայությունում:

Նախորդ օրը` հոկտեմբերի 3-ին 129 հատ XO համակարգիչ բաժանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էռնեկյան հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին: Այս դպրոցները դարձան առաջինը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մեկնարկեց ՆՈՒՌ ծրագիրը:

ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու ԼՂՀ առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին եւ նրանց ուսուցիչներին: 3.500 համակարգիչներն արդեն  հանձնվել են Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին: Ծրագիրը շարունակական է, առաջիկայում համակարգիչներ կստանան նաեւ այս սեպտեմբերին առաջին դասարան ընդունված երեխաները:

ՆՈՒՌ ծրագիրն իրականացվում է, հետեւելով  Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային (ՄՀՅԵ) ծրագրի գաղափարին: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է , որը մշակվել է  Մասաչուսեթսի  Տեխնոլոգիաների Ինստիտուտում եւ կիրառվում է աշխարհի շատ երկրներում: