17:12 | 05.09.12 | Նորություններ | 3384

Վարչապետն ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրենին

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Intel ընկերության տարածաշրջանային տնօրեն Քրիշթիան Մորալեսին:

«Intel-ի համար Հայաստանում կան բուռն գործունեություն  ծավալելու լավ նախապայմաններ, եւ մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության»,- ասել է վարչապետը:

Քրիշթիան Մորալեսը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեմպերը եւ նշել, որ Intel-ը շահագրգռված է մեր երկրում իր գործունեությունն ընդլայնել:

Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են Intel-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելու աշխատանքների ընթացքին: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նախաձեռնության ընդհանուր հայեցակարգային մոտեցումների մշակման, անհրաժեշտ ներդրումների ծավալի  կանխորոշման, կողմերից յուրաքանչյուրի մասնակցության ձեւաչափի հստակեցման նպատակով:

Նշվել է, որ կենտրոնն իրենից ներկայացնելու է հետազոտական լաբորատորիա, որն աշխատելու է Intel-ի առաջնային R&D տեխնոլոգիաների հենքով: 

Կողմերը քննարկել են  նաեւ նոյեմբերին 14-15-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ ամենամյա «ArmTech Congress-12» շրջանակում համագործակցության հուշագրի մշակման եւ ստորագրման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: