16:34 | 03.09.12 | Նորություններ | 3225

Հայ մարզիկները երեք մրցանակային տեղ են զբաղեցրել Batumi Extreme Fest 2012-ում

Երեւան/Մեդիամաքս/. Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձեւերի միջազգային 2-րդ փառատոնին մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկները պարգեւատրվեցին  «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի կողմից:

Մրցումներն անցկացվեցին Վրաստանի Բաթումի քաղաքում` ս. թ. օգոստոսի 23-ից 26-ը: Ռաֆթինգի թիմային առաջնությունում հայ մարզիկները գրավեցին երկրորդ տեղը, իսկ Jeep-Trial մրցումներին երկրորդ տեղ զբաղեցրին Դավիթ Մովսիսյանի եւ Վիլեն Վարդանյանի անձնակազմը` Standart դասում, եւ Արտաշես Ստեփանյանի ու Արթուր Հարությունյանի անձնակազմը` Extreme դասում, հայտնել են ԱրմենՏել-ում:

«ԱրմենՏել-ն աջակցում է էքստրեմալ սպորտաձեւերի զարգացմանը համեմատաբար վերջերս, սակայն, ի սկզբանե, մենք նպատակ ենք դրել ոչ միայն բարձրացնել Հայաստանի երիտասարդների հետաքրքրությունն էքստրեմալ սպորտի հանդեպ, այլեւ ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Այսօր ակնհայտ է մեր նախաձեռնության հաջողությունը: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին եւ մաղթում նոր հաջողություններ, նոր ռեկորդներ եւ հաղթանակի անսպառ կամք», - նշել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
 
«ԱրմենՏել» ընկերության, Կոնվերս բանկի եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ հայ մարզիկները հանդես եկան Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձեւերի միջազգային 2-րդ փառատոնին: Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիայի կողմից կազմակերպած փառատոնին մասնակցեցին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: Հայ մարզիկները պայքարում էին արտաճանապարհային մեքենաներ վարելու  Jeep-Trial մարզաձեւի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաեւ մոտոկրոսի եւ ռաֆթինգի մրցումներում: