10:25 | 28.08.12 | Հոդվածներ | exclusive 1862

Թվային ԹիՎի-ն ու Հայաստանը. դիտեք 2015-ից

Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքներ քիչ թե շատ դիտողները կհամաձայնեն, որ դրանցից շատերի պատկերի որակն անգամ Երեւանի կենտրոնում ոչ միշտ է բավարար: Թեեւ մայրաքաղաքում դիտում ենք 18 հեռուստաալիք, նրանցից ոչ բոլորով կարելի է տեսնել հյութալի գույներ, ինչպես, օրինակ, DVD-ով ֆիլմ դիտելիս, իսկ մարզերի բնակիչներից շատերն անգամ Հանրային հեռուստաընկերությունը դիտում են արբանյակային ալեհավաքների շնորհիվ:

Երկար այդպես չի շարունակվի. 2015-ից Հայաստանի ամբողջ տարածքում հեռուստաեթերը կթվայնացվի, ինչը, մի կողմից, ենթադրում է պատկերի եւ ձայնի հստակություն, իսկ մյուս կողմից՝ վճար հեռուստաալիքների մեծամասնության դիմաց:

Թվայնացում

Իր վերջին նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները, որոնք կներկայացվեն այդ աշխատանքներն իրականացնելու մրցույթին մասնակցող ընկերություններին:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետի պաշտոնակատար Գրիգոր Խաչատրյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել է, որ նախաորակման փուլն անցած ընկերությունները, պահանջներին ծանոթանալուց հետո, 45-50 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն իրենց առաջարկները, որոնցից կառավարությունը մասնագետների օգնությամբ ընտրելու է լավագույնին:

Նախաորակման փուլն անցած ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանց թվում կան հայաստանյան եւ արտասահմանյան ընկերություններ, որոնք թվայնացման աշխատանքներ են իրականացրել ԱՄՆ-ի եւ ԵՄ տարածքներում: 

Գրիգոր Խաչատրյանը պատմում է, որ չնայած փոքր տարածքի՝ Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը բարդ աշխարհագրական ռելիեֆի պատճառով ընթանալու է հնարավոր բոլոր ճանապարհներով՝ օգտագործվելու է ե՛ւ օպտիկամանրաթելային մալուխ, ե՛ւ ռադիոռելեային գծեր, ե՛ւ արբանյակային կապ:

\"\"
Թվային հեռարձակումը ենթադրում է հեռուստացույցի մոտ թվային ընդունիչի առկայություն, մինչդեռ այդպիսի հեռուստացույցները Հայաստանում դեռ շատ չեն
Լուսանկարը՝  beststuff.com


Ենթադրելի է, որ տեղական ընկերություններից թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման հայտ կարող են ներկայացնել Հայաստանի տարածքում առնվազն օպտիկամանրաթելային ցանց ունեցող ընկերությունները:

ԱրմենՏել ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը Մեդիամաքս-ին տեղեկացրեց, որ ընկերությունը չի մասնակցում մրցույթին, իսկ մարզերում ընդլայնվող GNC Alfa եւ Ucom ընկերություններից, որոնցից վերջինը, ի դեպ, մայրաքաղաքում մատուցում է IPTV տեխնոլոգիայով հեռուստատեսության ծառայություներ, չհաջողվեց մեկնաբանություններ լսել:

Հայկական ալիքները՝ վճարովի

Թե որքան ներդրումներ կպահանջվեն համակարգը կառուցելու համար, դեռեւս հայտնի չէ, սակայն հայտնի է, որ ներդրողի կատարած ծախսերը կհատուցվեն համակարգի շահագործման արդյունքում գոյացող ֆինանսական միջոցներից, եւ այդ նպատակով համակարգի կառավարումը պայմանագիրը կնքելու պահից սկսած 15 տարի ժամկետով կհանձնվի ներդրողին:

Երեւի կռահեցիք, որ այդ ֆինանսական միջոցները գոյանալու են մեզանից: Ավելի ստույգ՝ մեր այն հատվածից, որը չի բավարարվի բազային մուլտիպլեքսով՝ 6 անվճար հեռուստաալիքների փաթեթով, եւ կցանկանա նաեւ այլ տեղական հեռուստաալիքներ դիտել:

Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի, նախատեսվում է ապահովել 1 հանրապետական եւ 3 մայրաքաղաքային մուլտիպլեքսների անվճար հեռարձակում Հայաստանի ողջ տարածքում: Հանրապետական մուլտիպլեքսը բաղկացած կլինի 9 (8 կենտրոնական ու 1 մարզային) հեռուստածրագրերից եւ 4 ռադիոալիքից: Երեւանում եւ հարակից տարածքներում կհեռարձակվի երեք մուլտիպլեքս` յուրաքանչյուրում 6 հեռուստատեսային եւ 4 ռադիոծրագիր:

Ակնկալվում է, որ 2014-ին որոշ ժամանակ թվային եւ անալոգային հեռարձակումը կընթանան զուգահեռաբար, իսկ 2015-ի հունվարի մեկից վերջինս կդադարեցվի:

\"\"
Անալոգային ընդունիչներով հեռուստացույցներ ունեցողները պետք է սկսեն մտածել այն փոխելու կամ  Set-top box ձեռքբերելու մասին
Լուսանկարը՝  macobserver.com

Եթե չունենք թվային ընդունիչով հեռուստացույց

Թվային հեռարձակումը ենթադրում է հեռուստացույցի մոտ թվային ընդունիչի (tuner) առկայություն, մինչդեռ այդպիսի հեռուստացույցները Հայաստանում դեռ շատ չեն:

«Պետության կողմից մշակվելու է ծրագիր սոցիալապես անապահով ընտանիքների համար: Նրանց կտրամադրվեն թվային հեռուստաազդանշանի դեկոդերներ (Set-top box), որոնք հնարավորություն կտան թվային ազդանշանը վերափոխել անալոգայինի»,- ասում է Գրիգոր Խաչատրյանը, հավելելով, որ Հայաստանում հեռուստացույցների մեծամասնությունը համատեղելի է նման սարքերի հետ:

Ասվածը ենթադրում է, որ անալոգային ընդունիչներով հեռուստացույցներ ունեցողները պետք է սկսեն մտածել այն փոխելու կամ  Set-top box ձեռք բերելու մասին: Առաջին տարբերակը, իհարկե, ավելի թանկ է, բայց, միեւնույն ժամանակ, հենց նոր սերնդի հեռուստացույցն է թույլ տալու լիարժեք վայելել թվային եթերը:

Պատկերի լավ որակ ու վե՞րջ


Գրիգոր Խաչատրյանը պատմում է, որ թվային հեռուստահեռարձակման ցանցը համապատասխանելու է DVB-T2 (Digital Video Broadcasting – Second Generation Terrestrial) ստանդարտին, որը թվային հեռուստատեսության եվրոպական ստանդարտի երկրորդ սերունդն է եւ դեռ լայն տարածում չի ստացել աշխարհում:

Այն լուրջ առավելություններ ունի առաջին սերնդի ստանդարտի համեմատ: DVB-T2-ը, մասնավորապես, թույլ է տալիս հեռուստացույցի միջոցով օգտվել ինտերնետից, դիտել բարձր հստակությամբ հեռուստաալիքներ (HDTV), իսկ ապագայում՝ նաեւ DVB 3D-TV, եթե, իհարկե, հեռուստացույցն ունի այդ հնարավորությունը:

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման անցնելու մանրամասները հայտնի կդառնան առաջիկա ամիսների ընթացքում, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ դա լուրջ քայլ է դեպի ինֆորմացիոն հասարակություն:

Ռուբեն Հարությունյան /Մեդիամաքս/