13:44 | 12.07.12 | Նորություններ | 7654

Եվրոկաբելը չի մեկնաբանել Յուքոմի եւ Ինտերակտիվ ԹիՎի-ի միաձուլումը

Երեւան: Մեդիամաքս:Եվրոկաբել մալուխային հեռուստատեսային ծառայություններ մատուցող ընկերության տնօրեն Հայկ Մելքոնյանը այսօր Մեդիամաքս-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Յուքոմ եւ Ինտերակտիվ ԹիՎի ընկերությունների միաձուլումը:

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) համաձայնություն է տվել, որպեսզի «Ինտերակտիվ Թվի» ՍՊԸ-ի սեփականատերերը օտարեն իրենց բաժնեմասերը «Յուքոմ» ՍՊԸ-ին, որն այսպիսով կդառնա Հայաստանի խոշորագույն մալուխային հեռուստատեսության օպերատորը՝ ունենալով միայն մեկ խոշոր մրցակից ի դեմս Եվրոկաբելի:

Հայաստանում վճարովի մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցում են 30-ից ավելի ընկերություններ, սակայն նրանցից միայն խոշորագույն երեքն են հեռարձակում թվային ազդանշան, ինչը թույլ է տալիս ստանալ ավելի որակյալ պատկեր եւ ձայն, ընդհուպ մինչեւ HD: Ինտերակտիվ ԹիՎի-ն եւ Եվրոկաբել-ը դասական մալուխային օպերատորներ են եւ աշխատում են DVB-C ստանդարտով (Digital Video Broadcasting), իսկ Յուքոմ-ը, հեռարձակում է ալիքները IPTV տեխնոլոգիայով, որը հեռուստատեսության նոր սերունդն է եւ ընձեռում է ինտերակտիվության ավելի լայն հնարավորություններ:   

Օպերատորներից ոչ մեկը դեռ չի մատուցում իր ծառայությունները Երեւանից դուրս: