15:54 | 26.06.12 | Նորություններ | 3381

Օրանժը ներդրել է հեռախոսների էկո-վարկանշավորման համակարգը

Երեւան/Մեդիամաքս/. Օրանժը եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել են համագործակցություն` հանուն Հայաստանի բնության պահպանման, ինչի շրջանակներում ներդրվել է հեռախոսների էկո-վարկանշավորման համակարգը:

Օրանժ Արմենիայի խանութներում եւ eshop.orangearmenia.am ինտերնետ-խանութում վաճառվող հեռախոսներն ու սմարթֆոնները այսուհետ կունենան էկո-վարկանիշ, ինչը ցույց կտա տվյալ, թե  հեռախոսը արտադրման ընթացքում օգտագործած տեխնոլոգիաների առումով ինչ ազդեցություն է ունեցել շրջակա միջավայրի վրա:

Հեռախոսների էկո-վարկանիշը գնահատվում է 1-5 վարկանշային սանդղակով, որքան բարձր է այն, այնքան քիչ վնասակար բնապահպանական ազդեցություն է ունեցել տվյալ հեռախոսը:

“Այս համակարգով Հայաստան է ներմուծվելու պատասխանատու սպառողի մշակույթը, իսկ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունն  ընկած է մեր ընկերության գործունեության եւ փիլիսոփայության հիմքում”,- ասել է Օրանժ Արմենիա տնօրեն Բրունո Դյութուան:

Օրանժ Արմենիայի խանութներում թերեւս ամենաբարձր էկո-վարկանիշ ունեցող հեռախոսը Նոկիա մակնիշին է պատկանում: Օրանժի աշխարհագրությունում  Հայաստանը չորրորդ երկիրն է, որտեղ ներդրվել է հեռախոսների եւ սմարթֆոնների էկո-վարկանիշավորման համակարգը:

Համագործակցության շրջանակներում Օրանժի վաճառակետերում  յուրաքանչյուր հեռախոսի եւ սմարթֆոնի վաճառքի գնի 1 տոկոսը կհատկացվի  Հայաստանում  Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) գործունեությանը: Այն կուղղվի Հայաստանում վտանգված կենդանատեսակների պահպանությանը, բնության, զբոսաշրջության խթանմանն ու զարգացմանը: