16:10 | 22.06.12 | Նորություններ | 3427

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սարքավորումներ է տրամադրել Գավառում եւ Վարդենիսում գործող երկու բուհերին

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը սարքավորումներ է տրամադրել Գավառում եւ Վարդենիսում գործող երկու բուհերին:

Այսուհետ Գավառի պետական համալսարանն ունի ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 20 համակարգչով լսարան, լազերային տպիչ, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչ, փոխանջատիչներ եւ Wi-Fi անկյուն: Ավելի վաղ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել էր համալսարանին` մասնաշենքերի միջեւ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով ինտերնետային հաղորդակցության  ներքին ցանց ստեղծելու հարցում:      

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սարքավորումներ է տրամադրել նաեւ Վիկտոր Համբարձումյանի անվան Վարդենիսի մանկավարժական ինստիտուտին: Այստեղ 5 համակարգչով ինտերնետ հասանելիությամբ լսարանից բացի համացանցային կապ կգործի նաեւ գրադարանում: Տրամադրված արժեքավոր մյուս սարքավորումների ցանկում դարձյալ ընդգրկված են լազերային տպիչը, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող`3G երթուղիչն ու փոխանջատիչները: 

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում ուսումնառության արդյունավետության եւ որակի բարձրացումը: Այս ծրագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` համալսարանների հետ համագործակցության կարեւոր ուղղություններից մեկն է»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է մինչեւ տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություն: