12:38 | 18.06.12 | Նորություններ | 1962

«Կենգուրու 2012» մրցույթի հաղթողները Հայաստանի մարզերից են

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն այսօր հյուրընկալել էր «Այբ»  կրթական հիմնադրամի կողմից կազմակերպած «Կենգուրու 2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին:

««Այբ»  կրթական հիմնադրամի նվաճումների շարքում հատուկ տեղ է գրավում «Կենգուրու 2012» միջազգային մաթեմատիկական մրցույթը»,- ասել է ՀՀ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը եւ ուրախություն հայտնել, որ տարեցտարի մասնակիցների թիվն աճ է գրանցում:

«Արդեն ավանդական է դարձել հարյուրավոր դպրոցներ ներկայացնող մոտ 36.000 երեխաների մասնակցությունն այս մրցույթին: Այս տարի Հայաստանից  եւ Արցախից մրցույթին 905 դպրոց է մասնակցել: Արցախից երեխաների թիվը կրկնապատկվել է: Ավանդական է նաեւ այն, որ հաղթող երեխաները հիմնականում մարզերից են»,- նշել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:

Այս տարվա մրցույթի հաղթողներն են Աննա Գասպարյանը` Գեղարքունքի մարզից, Սերյոժա Դանիելյանը` Շիրակի մարզից, Տիգրան Կարախանյանը` Լոռվա մարզից, Եվա Հունանյանը` Կոտայքի մարզից եւ Էռնա Պետրոսյանը` Գեղարքունիքի մարզից:

Հաղթողները ստացել են նեթբուքեր, իսկ Էռնա Պետրոսյանը շուտով կմեկնի Ֆրանսիայի Ամբուազ քաղաք` ամառային միջազգային ճամբարին մասնակցելու համար: Էռնան մրցույթում հաղթել էր նաեւ 2009-ին, իսկ 2010 եւ 2011 թվականներին` պատվոգրերի արժանացել:

«Կենգուրու 2012» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում պաշտոնապես անցկացվում է 4-րդ անգամ: Այն ամեն տարի նույն օրն անցկացվում է աշխարհի ավելի քան 50 երկրներում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել 3-12 դասարանի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից եւ առաջադիմությունից: