13:45 | 15.06.12 | Նորություններ | 4636

Երեւանում մեկնարկել է տեխնոլոգիական Դիջիթեք Բիզնես-Ֆորումը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում բացվել է ամենամյա տեխնոլոգիական Դիջիթեք Բիզնես-Ֆորումը:

Այս տարի ֆորումը կրում է «Smart Counrty. թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը եւ անցկացվում է Արմենիա-Մարիոթ հյուրանոցում հունիսի 15-16-ին:

Բացելով միջոցառումը՝ ֆորումի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ ֆորումի նպատակն է Հայաստանի ՏՀՏ բոլոր ապրանքների եւ ծառայությունների՝ մեկ միջոցառման հովանու ներքո համախմբման միջոցով աջակցել տնտեսության արդիականացմանը:

«Այս տարի ֆորումին մասնակից ընկերությունների թիվը ավելացել է շուրջ 50%-ով. միջոցառմանը մասնակցում է 59 ընկերություն անցյալ տարվա 40-ի դիմաց, որոնցից 38-ը տեղական են, իսկ 21-ը՝ արտասահմանյան, որոնց թվում են ընկերություններ Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Դանիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից ,Մոլդովայից եւ Վրաստանից», - ասել է Կարեն Վարդանյանը, հավելելով, որ նիստերից եւ ցուցահանդեսից բացի ֆորումի ընթացքում կանցկացվեն շուրջ 40 մասնագիտական սեմինարներ եւ ներկայացումներ:

Միջոցառման գլխավոր հովանավոր ԱրմենՏել ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ, հերթական անգամ դառնալով միջոցառման հովանավորը` ԱրմենՏել-ը շեշտում է տնտեսության տեխնոլոգիական զարգացման կարեւորությունը:

«ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ թե պետական եւ թե մասնավոր հատվածը կարող են էապես բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը: Խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել տեղական տեխնոլոգիական ընկերություններին, որոնք շատ անգամ ոչնչով չեն զիջում արտասահմանյան մատակարարներին»,- ասել է Իգոր Կլիմկոն: