14:31 | 07.06.12 | Նորություններ | 2191
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերության աջակցությամբ այս տարի հունիսի 9-10-ը տեղի կունենա ԲարՔեմփ Երեւան 2012 4-րդ ամենամյա ոչ պաշտոնական կոնֆերանսը:
Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այս առիթով այսօր ասել է, որ ԲարՔեմփ-ին միանում են առաջին անգամ` ցանկանալով, որ համագործակցությունն ամենամյա դառնա:
«Վստահ ենք, որ ԲարՔեմփ-ի ոչ պաշտոնական ձեւաչափը լավ մթնոլորտ կստեղծի մտքերի փոխանակման համար: Այս իրադարձությունը կարեւոր է երկրում տեղեկատվական հասարակության ձեւավորման գործում: Որպես շարժական ինտերնետի առաջատար` մենք պատասխանատվություն ենք զգում Հայաստանում վեբ միջավայրի կատարելագործման համար»,-ասել է նա:
Կոնֆերանսին մասնակցության հայտ են ներկայացնել ՏՏ ոլորտի շուրջ 1000 մասնագետներ`ծրագրավորողներ, բլոգերներ, լրագրողներ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ եւ այլն:
Այս մասին տեղեկացրել է (չ)կոնֆերանսի կազմակերպիչներից Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ բազմաթիվ անակնկալների հետ մեկտեղ այս տարի ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպվել են աշխատանքային տոնավաճառ եւ ուսուցողական զեկուցումներ:
Նա ասել է, որ ԲարՔեմփ-ի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նրա ազատ ձեւաչափով: «Զեկուցմամբ կարող է հանդես գալ յուրաքանչյուր ցանկացող: Դրա համար հարկավոր է Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյանի մասնաշենքում լինել 09:30 եւ գրանցվել ելույթի համար: Կասեցվելու են միայն հստակ գովազդային բովանդակություն ունեցող ելույթները»,-տեղեկացրել է Սամվել Մարտիրոսյանը:
Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանն էլ ասել է, որ այս տարվա (չ)կոնֆերանսի հյուրերը կանդրադառնան նոր մեդիաներին եւ քաղաքացիական լրագրությանը` որպես նորագույն տեխնոլոգիաների դրսեւորում:
Նա նշել է, որ մասնակիցների համար զեկուցումներով հանդես կգան ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչ Լանա Պինյաեւան, Մոսկովսկիե Նովոստի լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոգոմոլովը եւ միջազգային հեռարձակման մարքեթինգի խորհրդական Մայքլ Վիլերս-Սթյուարթը:
Ոչ պաշտոնական կոնֆերանսին մասնակցության հայտ ուղարկելու եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.barcamp.am կայքում: