Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
18:24 | 31.05.12 | Նորություններ | 8376
Երեւան/Մեդիամաքս/. Ձեռնարկությունների Ինկուբատորը (ՁԻՀ) «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն ամեն տարի անցնում է անկախ աուդիտ, որի արդյունքները տպագրվում են թերթում, Մեդիամաքս-ին ասել է հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ մեկնաբանելով Հայկական Ծրագրեր ընկերության տնօրենի այսօր տարածած հայտարարությունը:
«Մեր վերջին աուդիտն այս տարվա մարտին անցկացրել է Բեյքեր Թիլլի Արմենիա հեղինակավոր ընկերությունը, իսկ անցած տարի՝ Գրանթ Թորնթոն-ը:
Բացի այդ, մեր գործունեությունը եւ ամեն առանձին ծրագիր պարբերական բովանդակային աուդիտի են ենթարկվում կառավարության եւ մեզ հետ համագործակցող կառույցների՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ մյուսների կողմից, որոնք բոլորը հիմնադրամի գործունեությունը գերազանց են գնահատում: Չեմ կարծում, որ Nokia-ի եւ Microsoft-ի պես հսկաները Հայաստանում իրենց ծրագրերի իրականացումը կվստահեին անարդյունավետ մի կառույցի»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը, հավելելով, որ մոտ ապագայում ՁԻՀ հոգաբարձուների խորհուրդը հանդես կգա պատասխան հայտարարությամբ:
Հայկական Ծրագրեր ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը, Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով իր տարածած հայտարարության դրդապատճառները, ասել է, որ «նրանք (ՁԻՀ-ը – խմբ.) այս բնագավառի պատասխանատուն են, ահռելի միջոցներ են ծախսում, իսկ արդյունքը խիստ բացասական է»:
«Ոլորտում մասնագետներ չեն պատրաստվում, ըստ էության, գրեթե չկան հայկական ՏՏ ընկերություններ, մասնագետները կամ գնում են Հայաստանից, կամ աշխատում դրսի պատվիրատուների համար»,- ասել է Աշոտ Խաչատրյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում գործերը իր ղեկավարած ընկերությունում, Աշոտ Խաչատրյանն ասել է, որ Հայկական Ծրագրեր ընկերությունն աճում է, բայց իրենից եզակի դեպք է ներկայացնում:
Նա նաեւ ասել է, որ բացասաբար է վերաբերվում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից առաջ քաշված Ինովացիոն նախարարության ստեղծման գաղափարին, քանի որ «ինովացիոն նախարարությունը պարզապես աբսուրդ է, եւ համակարգելն այս ոլորտը կործանարար է»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Աշոտ Խաչատրյանը որեւէ տարաձայնույթուններ է ունեցել ՁԻՀ-ի հետ, Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ Հայկական Ծրագրեր ընկերության տնօրենը հիմնադրամի եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության (ԻՏՁՄ) ստեղծման օրվանից որեւիցե կերպ չի շփվել այդ կառույցների հետ: «Կարծում եմ, պարոն Խաչատրյանը ցանկացել է ուղղակի ընդհանուր դժգոհություն հայտնել ոլորտից, սակայն մեր հանդեպ նման հայտարարությունը չի կարող լուրջ ընկալվել»,- եզրափակել է ՁԻՀ տնօրենը: