11:00 | 21.05.12 | Նորություններ | 990

«Կենգուրու 2012» մրցույթի հաղթող են ճանաչվել հինգ աշակերտներ

Երեւան: Մեդիամաքս: «Կենգուրու 2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող են ճանաչվել հինգ աշակերտներ:

Նրանք են.

- Աննա Գասպարյանը, 3-րդ դաս, Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի թիվ 1 միջն. դպրոց;

- Սերյոժա Դանիելյան, 3-րդ դաս, Շիրակի մարզ, Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց-վարժարան;

- Տիգրան Կարախանյան, 4-րդ դաս, Լոռու մարզ, Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց;

- Եվա Հունանյան, 4-րդ դաս, Կոտայքի մարզ, Պտղնիի միջն. դպրոց;

- Էռնա Պետրոսյան, 11-րդ դաս, Գեղարքունիքի մարզ, Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջն. դպրոց:

Էռնա Պետրոսյանի համար սա արդեն երկրորդ հաղթանակն է «Կենգուրուում». 2009 թ.-ին՝ Էռնան ողջ Հայաստանում ճանաչվեց բացարձակ հաղթող: Իսկ Աննա Գասպարյանը «Կենգուրու 2011»-ի հաղթող Արաքսի Գասպարյանի փոքր քույրն է:

«Կենգուրուն» արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, երկրորդ տարին՝ նաեւ Արցախում: «Կենգուրու 2012»-ին մասնակցել է ընդհանուր թվով 35 600 աշակերտ Հայաստանի եւ Արցախի 905 դպրոցներից: Ի լրումն հինգ հաղթողների, մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել եւ պատվոգրի ու մրցանակի արժանացել 451 աշակերտ՝ մոտ 150 աշակերտով ավելի, քան անցյալ տարի: «Այբ» հիմնադրամի կողմից լրացուցիչ հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվում եւս 745 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան «լավագույն»-ի շեմը հաղթահարած երեխաներ:

Մայիսի 21-ից 30-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 29 քաղաքներով, ինչպես նաեւ լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները: Մրցանակաբաշխությունների ժամանակացույցը` ըստ քաղաքների եւ ամսաթվերի, հասանելի է www.kangaroo.am կայքէջում: