12:15 | 08.05.12 | Նորություններ | 3031

ԱրմենՏել-ն անկցացնելու է «Զանգ զինակցին» տոնական ակցիան

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) շնորհավորում է Հայրենական Մեծ Պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի Օրվա առթիվ եւ հայտարարում «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:

Ակցիայի շրջանակում մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական Մեծ Պատերազմի վետերանները հնարավորություն կունենան անվճար զանգահարելու իրենց մարտական ընկերներին, հարազատներին եւ մտերիմներին` աշխարհի ցանկացած երկիր, հայտնել են ընկերությունում:

 Պաշտոնական միջոցառումներից հետո ընկերության ներկայացուցիչները շնորհավորելու են վետերաններին եւ առաջարկելու զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին եւ շնորհավորել տոնի առթիվ:

«Ուրախ եմ ԱրմենՏել-ի անունից շնորհավորել Հայրենական Մեծ Պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի Օրվա առթիվ: «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացումը մեր ընկերության համար դարձել է բարի ավանդույթ եւ շատ հաճելի է, որ այդ օրը յուրաքանչյուր վետերան կարող է հիշել հաղթանակները, կիսվել ուրախությամբ եւ շնորհավորել ընկերներին, նույնիսկ եթե նրանց բաժանում են հազարավոր կիլոմետրեր», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Տոնական ակցիան կանցկացվի մայիսի 9-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում մինչեւ ժ. 15:00-ն: