15:53 | 13.04.12 | Նորություններ | 3189
Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիան այսօր հնգամյա համագործակցության հուշագիր ստորագրեց Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հետ:
Համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի տարբեր բաժինների` բարձր որակավորում եւ աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաեւ համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:
«Որպես երկրում կարեւոր տնտեսական դեր ունեցող ընկերություն եւ առաջատար գործատու` մեր կորպորատիվ պատասխանատվությունն է նաեւ կառուցել կամուրջներ կրթական հաստատության եւ աշխատանքային աշխարհի միջեւ: Ուրախ ենք այս համագործակցության համար, որը թույլ է տալու բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում, ինչպես նաեւ ընդունել մեզ մոտ ուսանողների, որոնք ոչ միայն եվրոպական բիզնես միջավայրում կկատարեն իրենց առաջին աշխատանքային քայլերը, այլ նաեւ հետագայում կկարողանան ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ, նաեւ մեր ընկերությունում», ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հետագայում համալսարանում կստեղծվի նաեւ անվճար Wi-Fi անկյուն, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել Orange wi-fi ինտերնետից:
Մեկ ամիս առաջ մեկնարկել է հատուկ նախագիծ, որի շրջանակներում Orange-ի աշխատակիցների կողմից դասընթացներ են տարվում Հայաստանի 11 համալսարաններում: Դրանք վերաբերում են ընկերության աշխատակիցների մասնագիտական ոլորտներին, որոնք բազմազան են` վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ եւ այլն: