“ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԱՐԵՅ” տնօրեն Գրիգոր Բարսեղյանը
09:58 | 27.02.12 | Նորություններ | 1212
Երեւան/Մեդիամաքս/. 2007 թվականից մի շարք հայկական բուհերում գործում են Մայքրոսոֆթի IT-ակադեմիաներ եւ սերտիֆիկացիոն կենտրոններ, այդ թվում` Երեւանի պետական համալսարանում, Ամերիկյան համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում:
Նախորդ տարի Մայքրոսոֆթի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) միջեւ ստորագրվեց հուշագիր՝ Պոլիտեխնիկում IT-ակադեմիա վերահիմնադրման եւ սերտիֆիկացիոն կենտրոնի ստեղծման վերաբերյալ:
Այս ծրագրի մանրամասներն ու նպատակները Itel.am-ին ներկայացրել են “ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԱՐԵՅ” տնօրեն Գրիգոր Բարսեղյանը եւ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը:
Վերաբացված ակադեմիան կենտրոնացած կլինի ծրագրավորման գործիքների, սերվերների, ցանցերի, անվտանգության ուսումնական փաթեթների դասավանդման վրա:
“IT-ակադեմիաների հիմնումը բավականին լայն տարածված նախաձեռնություն է: Դա Մայքրոսոֆթի սերտիֆակացիոն կենտրոնն է, սակայն բուհի շրջանակներում”, - ասել է Գրիգոր Բարսեղյանը:
Ընտրելով իրենց համար գիտելիքների խորացման տեսակետից անհրաժեշտ ծրագրային փաթեթը՝ ուսանողները հնարավորություն են ստանում այցելել Մայքրոսոֆթի թրենինգները, հետագայում հանձնել քննություն եւ սերտիֆիկատ ստանալ:
“Բուհերի շրջանավարտների համար, ովքեր աշխատանք են փնտրում, Մայքրոսոֆթի սերտիֆիկատները բավականին լուրջ փաստաթուղթ է, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում”, - հավելել է Գրիգոր Բարսեղյանը:
“Մեր ոչ այդքան մեծ շուկայում մասնագետների մեծ պահանջ կա, կադրային դեֆիցիտը կազմում է շուրջ երկու հազար մարդ: Միշտ չէ, որ ընկերությունները գոհ են ուսանողների պատրաստվածության մակարդակից”, - նշել է նա:
Գրիգոր Բարսեղյանը կարեւորում է նաեւ ակադեմիայում հետագայում դասավանդող դասախոսների վերապատրաստումը:
“Գաղափարը նրանում է, որ բուհի դասախոսներ, նույնպես ստանալով ուսում ակադեմիայում, ստանում են թրեների սերտիֆիկատ՝ հետագայում դասավանդելու համար”, - պարզաբանում է ընկերության տնօրենը:
Պոլիտեխնիկի դասախոսների վերապատրաստումը սկսվել է ս.թ. փետրվարից:
“Խնդիրը դասախոսական կազմն է. հաճախ տեսնում ես, որ ուսանողների գիտելիքները ավելի շատ են, ժամանակակից, քան դասախոսինը: Դասախոսները հաճախ մոտիվացիա չունեն, մեր նպատակն է փոխել դա”, - ասել է Գրիգոր Բարսեղյանը:
Ակադեմիայում հետագայում դասավանդող դասախոսները ուսանողների կողմից դասընթացների համար վճարվելիք գումարը կստանան որպես հավելյալ աշխատավարձ:
“Մեր ծրագրերն ու հավակնությունները մեծ են, ձգտում ենք տարածաշրջանային կենտրոն դառնալ, որպեսզի հետագայում տարբեր երկրներից ժամանող ուսանողները մեզ մոտ ստանան սերտիֆիկատները”, - ասել է Գրիգոր Բարսեղյանը:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը տեղեկացրել է, որ Պոլիտեխնիկի IT-ակադեմիան գործում է արդեն 3 տարի, որտեղ Մայքրոսոֆթի ծրագրերով ուսումնառություն եւ հմտություններ կարողանում են ստանալ տարեկան մոտ 150-200 հոգի, եւ ուսանողներ, եւ դասախոսներ:
Մայքրոսոֆթի հետ կնքված պայմանագիրը մեծ շրջանակային փաստաթուղթ է, որի կետերից մեկը դա ակադեմիայի վերահիմնադրումն է: Այն ենթադրում է ձեւավորել IT-ակադեմիա, հնարավորություն ստեղծել Մայքրոսոֆթից ստանալ վերջին ծրագրերը եւ մատչելի գներով կազմակերպել ուսուցում:
“Ակադեմիայի վերահիմնադրման ծրագրի շրջանակներում նախատեսվում է բուհի մասնաշենքերից մեկում 2 մեծ սենյակ առանձնացնել, վերազինել դրանք համակարգիչներով եւ այլն էլեկտրոնային ենթակառուցվածքներով: Վերազինված ակադեմիան կգործի 2 ամսից եւ հնարավորություն կընձեռի միաժամանակ 20-30 հոգու խորացնել գիտելիքները”, - ասել է ռեկտորը:
Ինչ վերաբերում է ուսման համար վճարվելիք գումարին, ռեկտորի խոսքերով, այն մատչելի է լինելու ուսանողների համար:
“Դասախոսների վերապատրաստումից հետո, ակադեմիայում դասավանդվող ծրագրերը գալիք ուսումնական տարվանից կներմուծվեն որպես ուսումնական ծրագիր”, - ասել է նա:
Ակադեմիայի վերահիմնադրման ծրագրի արժեքն է շուրջ 10-12 մլն դրամ: Անհրաժեշտ գումարը տրամադրվելու է Պոլիտեխնիկր եւ Մայքրոսոֆթի կողմից համաֆինանսավորման սկզբունքով, բացի այդ իրենց ներդրումն այս ծրագրում կունենան հովանավոր կազմակերպություններ: Պոլիտեխնիկը տրամադրելու է անհրաժեշտ գումարի 20-25 տոկոսը:
Էլեոնորա Արարատյան