Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
16:24 | 16.02.12 | Նորություններ | 3501
Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարարական սարք, որի օգնությամբ կկարողանա անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել մուտք գործել խանութի տարածք:
Այսօր ընկերության ղեկավարները «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի աջակցությամբ փորձարկել են հատուկ սարքը: Այն կոչված է հասանելի դարձնել Orange-ի այն վաճառքի տարածքները, որոնք աստիճանների պատճառով հասանելի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, եւ որտեղ թեքահարթակի կառուցումն անհնարին է: Աստիճանները բարձրանալիս կամ իջնելիս հաշմանդամային սայլակը դրվում է սարքի վրա, որով այն ապահով տեղաշարժվում է աստիճանների վրայով:
«Մենք ունենք 75 խանութ Հայաստանի ամբողջ տարածքում, եւ աստիճաններ ունեն դրանց մեծ մասը: Այնտեղ, որտեղ հնարավոր էր, կառուցել ենք թեքահարթակներ` մեր տարածքները բոլորին հասանելի դարձնելու նպատակով: Մինչեւ տարեվերջ մեր խանութների 70%-ում չի լինի հասանելիության խնդիր: Մենք սա համարում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության կարեւոր խնդիրներից մեկը եւ փորձում ենք տալ բոլորին նույն հնարավորությունները մեր ծառայություններից օգտվելու համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: