12:45 | 01.02.12 | Նորություններ | 4065

Էլեկտրոնային քվեարկությունը առայժմ նախատեսված է միայն երկու խմբերի համար

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները եւ արտերկրում բնակվող նրանց ընտանիքի անդամները գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն  էլեկտրոնային եղանակով:

Նախօրեին ԿԸՀ  նիստում սահմանվել է այդ անձանց` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը եւ ժամկետները:

“Վերոհիշյալ կարգի դրույթները տարածվում են նաեւ ՀՀ գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձեւից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա”,- տեղեկացրել են ԿԸՀ-ից:

Մեդիամաքս-ի հետ զրույցում ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը պարզաբանել է, որ էլեկտրոնային եղանակով ընտրություններին կարող են մասնակցել միայն այս երկու խումբ անձինք:  

“Էլեկտրոնային տարբերակով ընտրությունների անցկացումը նոր Ընտրական օրենսգրքի պահանջն է: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս եղանակը կփորձարկվի առաջին անգամ”,- ասել է նա:

Պատասխանելով Մեդիամաքս-ի այն հարցին` ինչպե՞ս կարող են արտերկրում բնակվող կամ ընտրությունների օրը այնտեղ գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները մասնակցել ընտրություններին`ԿԸՀ անդամը պատասխանել է, որ համաձայն Ընտրական օրենսգրքում 2007 թ. արված փոփոխությունների`այդ քաղաքացիները չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ՀՀ դեսպանատներում կազմակերպվող ընտրությունների մասին դրույթը ուժը կորցրած է ճանաչվել:

“Էլեկտրոնային եղանակով ընտրությունների մասնակցության եղանակը դեռեւս պիլոտային ծրագիր է: Եթե այն արդարացնի իրեն, ապա հետագայում այս եղանակով ընտրություններին կարող են մասնակցել քաղաքացիների ավելի լայն շրջանակներ”,- հավելել է Տաթեւ Օհանյանը: