13:40 | 24.01.12 | Նորություններ | 1947
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունն այսօր հայտարարել է Հայաստանի երեք քաղաքներում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում մինչեւ 42 Մբ/վ արագություն ապահովող նոր սերնդի ինտերնետի առեւտրային մեկնարկի մասին:
Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասել է, որ “նշված քաղաքներից դուրս “Ինտերնետ Հիմա 4” մոդեմով օգտվելու դեպքում բաժանորդին տեսականորեն հասանելի կլինի մինչեւ 21.1 Մբ/վ արագություն”:
“Հպարտությամբ կիսում ենք ձեզ հետ մեր նոր նվաճումը: Orange-ի աշխարհագրության մեջ Հայաստանը հազվագյուտ երկրներից է, որը տիրապետում է այս տեխնոլոգիաներին”,- ասել է նա:
Orange Armenia մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն էլ ասել է, որ “Ինտերնետ Հիմա 4” մոդեմը պրեմիում դասի առաջարկ է եւ ուղղված է մասնագիտական այնպիսի շրջանակների, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում մեծ թողունակության կարիք ունեն:
“Մոդեմի գինը սակագնային պլանների պայմաններում էականորեն զեղչվում է: 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 11000 դրամ (11Գբ) սակագնային պլանի բաժանորդների համար մոդեմը կարժենա 39000 դրամ, իսկ 20000 դրամ (24Գբ) սակագնային պլանի բաժանորդների համար` 19000 դրամ: Առանց բաժանորդագրվելու պարտավորության
“Ինտերնետ Հիմա 4” մոդեմն արժի 59000 դրամ”,- ասել է նա:
Արամ Մկրտչյանը նաեւ նշել է, որ Ինտերնետ Հիմա-ի բաժանորդները կարող են իրենց Ինտերնետ Հիմա 7.2 Մբ/վ կամ 14.4 Մբ/վ մոդեմը փոխարինել նոր եւ ավելի արագ` 42.2 Մբ/վ MF 680 մոդեմով: