09:45 | 18.01.12 | Նորություններ | 1850

Ադրբեջանը քայլեր կձեռնարկի հաքերական գրոհներին ի պատասխան

Երեւան/Մեդիամաքս/. Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հետաքննություն է անցկացնում` պետական եւ հասարակական կառույցների կայքերի դեմ իրականացրած հաքերական գրոհի կապակցությամբ, եւ ստացված արդյունքների հիման վրա կձեռնարկի համապատասխան քայլեր` հիմնված միջազգային փորձի վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով Տրենդը, այս մասին ասել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Էլմիր Վելիզադեն:

Շաբաթվա սկզբին հաքերական գրոհի էին ենթարկվել Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ Ադրբեջանի պետական պաշտպանության հատուկ ծառայության սերվերների վրա տեղակայված տարբեր կայքեր:

«Մենք դատապարտում ենք օրենքին հակասող գործողությունները եւ կոչ ենք անում հրաժարվել դրանցից: Ներկայումս հետաքննություն է անցկացվում միջամտության փաստի կապակցությամբ եւ ստացված տվյալների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան քայլեր` հիմնված միջազգային փորձին վրա: Հանրությունը կտեղեկացվի անցկացրած աշխատանքի մասին», - ասել է Վելիզադեն:

Իսկ ադրբեջանական Ինտերնետ-ֆորումի նախագահ  Օսման Գյունդուզն ասել է, որ ադրբեջանական կայքերի դեմ իրականացված գործողությանը պետք է վերաբերվել որպես «կիբերպատերազմի»: Նրա խոսքերով, այս միջադեպերը չի կարելի պարզ հաքերական գրոհ համարել:

«Յենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, որ «ադրբեջանական կայքերի դեմ հաքերական գրոհներ իրականացնողներն ի զորու չեն պայքարել քաղաքական ասպարեզում»:

«Այս հաքերական գրոհները` դրանք իրականացնողների քաղաքական անզորության ապացույցն են», - ասել է նա: