09:47 | 12.01.12 | Նորություններ | 4798

Առաջատար արտադրողները ներկայացրել են 4G սմարթֆոնները

Երեւան/Մեդիամաքս/. Լաս Վեգասում կայացած Consumer Electronic Show 2012 միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են 4G/LTE  ցանցերում աշխատող ավելի քան 10 սմարթֆոններ եւ պլանշետներ:

Ինչպես գրում է Կոմերսանտը, դրանցից մեծ մասը նախատեսված է ԱՄՆ-ի բջջային օպերատորների համար:

Nokia-ի տնօրեն Սթիվեն Էլոպը եւ Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը ներկայացրել են Nokia Lumia 900 սմարթֆոնը: Այս սարքավորումը մի քանի ամիս մշակվել է Nokia-ի, AT&T-ի եւ Microsoft-ի ինժեներների կողմից: Սմարթֆոնը վաճառքի կհանվի առաջիկա ամիսներին, սակայն գինը դեռ չի բացահայտվում:

Sony-ի առաջին LTE-սմարթֆոնը` Xperia ion, կգործի ԱՄՆ-ի AT&T ցանցում եւ վաճառքի կհանվի 2012-ի երկրորդ եռամսյակում: Միաժամանակ  Sony-ն նախատեսում է թողարկել երկու դիսփլեյներով համալրված LTE-պլանշետը:

Նոր LTE-սմարթֆոններ են ներկայացրել Motorola, LG, HTC, Pantech ընկերությունները, որոնք նույնպես նախատեսված են ԱՄՆ-ի շուկայի համար: Դեբյուտային Ascend P LTE LTE-սմարթֆոն է թողարկել չինական Huawei ընկերությունը:
 
GSA ասոցիացիայի գնահատմամբ, այսօր աշխարհի 29 երկրներում գործում են 49 առեւտրական LTE ցանցեր: 2012-ի վերջին առեւտրական ցանցերի թիվը կհասնի 119-ի եւ կընդգրկի 50 երկիր, կանխատեսում է GSA-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ հայաստանյան բջջային օպերատորը դեկտեմբերի վերջին հայտարարել է Երեւանի կենտրոնում 4G/LTE առեւտրային ցանցի գործարկման մասին: