Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դեկտեմբերի 15-ին բաժանորդներին հանձնեց վիճակահանության արդյունքում շահած Google Nexus S սմարթֆոնները:
Հիշեցնենք, որ վիճակահանությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին, որի ընթացքում 30 հետվճարային բաժանորդներ շահել էին Google Nexus S սմարթֆոններ:
Իրականացված հատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանված էին հետեւյալ չափանիշները. մասնակիցները պետք է լինեին «Կլասիկ», «Կլասիկ սոլո», «Կլասիկ ֆլեքսի» եւ կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց` անցած երեք ամիսների (մարտից մինչեւ մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10 000-18 000 դրամ, եւ հաջորդող երեք ամիսների (հունիս-սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 եւ ավելի տոկոսով:
Ծրագրի ավարտին մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1 662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ:
Ծրագրի թափանցիկությունը եւ արդարությունն ապահովելու նպատակով` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` վիճակահանության միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցեատերերին: