13:47 | 13.12.11 | Նորություններ | 895
Երեւան/Մեդիամաքս/. Տայվանյան Digitimes ընկերությունը` վկայակոչելով Apple-ի մատակարարող օղակի իր աղբյուրները, հայտնել է, որ 3-4 ամսից կարելի է սպասել հաջորդ սերնդի iPad-ին, քանի որ արտադրողները սկսել են նոր պլանշետի բաղադրիչների OEM-հավաքորդի բեռնումը` միաժամանակ կրճատելով iPad 2-ի համար նախատեսված նմանատիպ մասերի մատակարարումը:
iPad 2-ի OEM-արտադրությունը ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում կպահպանի իր բարձր տեմպերը եւ կկազմի 14-15 մլն միավոր, սակայն 2012-ի առաջին եռամսյակում արտադրվող սարքավորումների ծավալը կկրճատվի մինչեւ 4-5 մլն` տեղը զիջելով գալիք iPad 3-ին:
Մինչդեռ չինական Commercial Times պարբերականը` վկայակոչելով Citigroup Global Markets վերլուծական ընկերությունը, նշում է, որ Foxconn Electronics-ն արդեն հունվարին կսկսի նոր սերնդի iPad-ի թողարկումը եւ փետրվարի սկզբին կծավալի մասսայական արտադրություն: Մատակարարման տվյալներին քաջատեղյակ աղբյուրը նշում է, որ 2012-ի առաջին եռամսյակում iPad 3-ի թողարկման ծավալները կհասնեն 9,5-9,8 մլն սարքի:
iPad-ի եւ iPad 2-ի վաճառքները ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակում կազմել են 25,06 մլն, նույն աղբյուրների գնահատմամբ, կվաճառվի շուրջ 40 մլն պլանշետ: