Ստանիսլավ Վիդյաեւ
13:34 | 03.12.11 | Նորություններ | 1151
Այսօր Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է ArmNet 2011 «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ» կոնֆերանսը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կոնֆերանսի արտասահմանյան մասնակիցներից առաջին ելույթն ունեցավ Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաեւը, որը ներկայացրեց որոնողական համակարգի միջոցով կայքերի առաջխաղացման գործիքները:
Ստանիսլավ Վիդյաեւը նշեց, որ, Live Internet-ի տվյալներով, Google-ը Հայաստանում առաջատար որոնողական համակարգն է՝ շուկայի 74% մասնաբաժնով, իսկ հայաստանյան շուկայում նրա մոտակա մրցակից Yandex-ը զբաղեցնում է շուկայի ընդամենը 16%-ը: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ շարժական սարքերով ինտերնետից օգտվելու աճող միտումը՝ Ստանիսլավ Վիդյաեւը կարեւորեց հայկական կայքերի շարժական տարբերակների եւ շարժական հավելումների առաջխաղացումը Google-ի Adwords գովազդային հարթակի, հայտարարությունների եւ նպատակադրման (targeting) գործիքների միջոցով:
Ստանիսլավ Վիդյաեւը նշել է նաեւ, որ Google Analytics համակարգի կոդը կարելի է տեղադրել նաեւ վեբկայքերի շարժական տարբերակներում եւ այսպիսով հետեւել այցելությունների մանրամասն վիճակագրությանը:
Կոնֆերանսին հանդես կգան նաեւ Begun ընկերության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Դանիլենկոն, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, Opera Software-ի ԱՊՀ երկրներում հանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաեւը:
ArmNet 2011 միջոցառումների շարքի շրջանակներում այսօր մեկնարկել է նաեւ Startup Weekend Yerevan նորարար նախագծերի մրցույթը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Միջոցառումների կազմակերպիչներն են SP Marketing Solutions եւ Orange Armenia ընկերությունները, ինչպես նաեւ “Հայաստանի ինտերնետ հանրություն” ՀԿ-ն:
Այսօր երեկոյան Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կկայանա Armnet Awards 2011 պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կամփոփվեն վեբկայքերի ArmNet համահայկական մրցույթի արդյունքները: