10:35 | 14.11.11 | Նորություններ | 4160

Facebook-ի վարպետության դասը եզրափակիչն էր Yerevan Web Meetings նախագծում

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի նախաձեռնությամբ իրականացված Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում նոյեմբերի 12-ին վարպետության եզրափակիչ դասն է անցկացրել Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Facebook սոցիալական ցանցի զարգացման գծով մենեջեր Եկատերինա Սկորոբոգատովան:

Նա ներկայացրել է Facebook-ի նոր հնարավորությունները` հարթակի փոփոխությունները, պրոֆիլի նոր ձեւաչափը եւ հավելումների նոր տեսակները:

«Facebook-ի նպատակն է լինել այն միջավայրը, որտեղ մարդիկ կարող են ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա եւ կիսվել իրենց ընկերների համար օգտակար եւ հետաքրքրիր քոնթենթով»,- ասել է Եկատերինա Սկորոբոգատովան: Նա նշել է, որ Facebook-ը փաստացի հանդես է գալիս որպես համընդհանուր ԶԼՄ, որտեղ փոխված է տեղեկատվության սպառման առանձնահատկությունը:

Նա Facebook-ում էջ ունեցող ԶՄԼ-ներին խորհուրդ է տվել սոցիալական ցանցում օրական տեղադրել 5-10 առավել ուշագրավ հղումները, որպեսզի չբեռնել լսարանը լուրերի մեծ հոսքով:

Խոսելով  Facebook-ի հավելումների մասին` Եկատերինա Սկորոբոգատովան նշել է, որ սոցիալական ցանցերը սկիզբ են դրել սոցիալական խաղերի նոր բնագավառին. մի ոլորտ, որը մինչ այդ գոյություն չուներ, որն ակտիվորեն աճում է եւ ստեղծում նոր հնարավորություններ բիզնեսի համար:

Եկատերինա Սկորոբոգատովան պատմել է նաեւ Facebook-ում աշխատանք ստանալու հնարավորության մասին` նշելով, որ ընկերությունում գործում են ուսանողական պրակտիկայի ծրագրեր, որոնց շրջանակներում մրցութային կարգով ընտրված ուսանողները 3 ամսով կմեկնեն Պալո Ալտո (Facebook-ի կենտրոնական գրասենյակը Կալիֆորնիայի Սիլիկոնյան հովտում): Գործնական աշխատանքների արդյունքներով որոշ ուսանողների կարող է աշխատանք առաջարկվել Facebook-ում:

Facebook-ի նորություններին տեղեկացված լինելու համար Եկատերինա Սկորոբոգատովան խորհուրդ է տվել կանոնավոր այցելել developers.facebook.com, facebook.com/facebookrussia, facebook.com/facebookpages եւ facebook.com/advertising էջերը:

Yerevan Web Meetings նախագծի նպատակն էր Հայաստանում ներկայացնել վեբ-քոնթենթի ստեղծման եւ առաջխաղացման օտարերկրյա փորձը: Մեդիամաքսը այս ծրագիրն իրականացրել է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

1.5 ամիս տեւած նախագծի ընթացքում իրականացվել են վարպետության 5 դասեր, որոնք անցկացրել են WikiMedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին, ivi.ru նախագծի հիմնադիր եւ բաժնետեր Աննա Զնամենսկայան,  Lenta.ru-ի հիմնադիր Անտոն Նոսիկը, լիտվական Delfi պորտալի հաղորդակցության գծով տնօրեն Աիստե Զիլինսկիեն եւ Ռուսաստանում ու ԱՊՀ-ում Facebook-ի զարգացման գծով մենեջեր Եկատերինա Սկորոբոգատովան: