12:01 | 26.10.11 | Նորություններ | 3639

ԱրմենՏել-ի օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի ընդհանուր երկարությունը գերազանցել է 2770 կմ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է օպտիկամանրաթելային ցանցի աշխարհագրության ընդլայնման եւ DWDM տեխնոլոգիայի ներդրման մասին օպտիկամանրաթելային մայրուղիներում:

2011թ-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ ավարտել է DWDM տեխնոլոգիայով մայրուղային ցանցի կառուցումը: Նոր գերարագ մայրուղին անցնում է Հայաստանի հյուսիսային սահմանից մինչեւ հարավային եւ ապահովվում է ամբողջ հանրապետությունով անցնող պահուստային տրանսպորտային ցանցը:

2011թ-ի երրորդ կիսամյակում ԱրմենՏել-ը ներդրել է ավելի քան 100 կմ օպտիկամանրաթելային մալուխ, ինչպես նաեւ կազմակերպել է ԼՂՀ մայրուղային օպտիկամանրաթելային ցանցին ուղիղ միացումը:

«Ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումն արագագործ ցանցի կառուցմանն ուղղված մեր ընկերության հերթական քայլն է եւ այն ընդգրկում է ՀՀ ամենահեռավոր բնակավայրերը: Շարժական եւ ֆիքսված լայնաշերտ ինտերնետի մեր ծառայություների հանդեպ պահանջարկն աճում է, եւ, հաշվի առնելով, որ այդ միտումը կպահպանվի, մենք նախապես պատրաստվում ենք ապահովել Հայաստանի  միասնական օպերատորի բաժանորդներին կապի եւ ինտերնետ-հասանելիության  ամենաժամանակակից եւ որակյալ ծառայություններով», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը 2770կմ-ից ավել է, որից 326` Երեւանում:

DWDM (Dense Wave Division Multiplexing) ժամանակակից տեխնոլոգիան կիրառվում է գոյություն ունեցող ցանցերի արդիականացման եւ ընդլայնման համար` դրանց թողունակությունն էապես ավելացնելու նպատակով: DWDM տեխնոլոգիայի առանցքային առավելությունն այն է, որ յուրաքանչյուր կապուղու արագությունն ու պրոտոկոլն անկախ են:  Այս տեխնոլոգիայով գործող ցանցերը կարող են փոխանցել տվյալներ 100Գբ/վ արագությամբ: