17:13 | 12.10.11 | Նորություններ | 3907

Սինոփսիս Արմենիա-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացել են “Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր” ամբիոնը

Երեւան/Մեդիամաքս/. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) այսօր «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացել են “Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր” ամբիոնը:

2011թ. ամռանը կողմերը ստորագրել էին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում վերանորոգվեց ԵԿՏԱ-ի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը` այն համապատասխանեցնելով արդի ուսումնական պահանջներին եւ չափանիշներին:
 
«Սինոփսիս Արմենիա» ընկերության մշակած կրթական մոդելի համաձայն, նախատեսվում է ծրագրում ընդգրկել բարձր առաջադիմություն ունեցող, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած` բակալավրական ծրագրի երկրորդ կուրսն ավարտող ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի ուսանողներին: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիս Արմենիայի», ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների եւ ԵԿՏԱ առաջատար դասախոսների կողմից:
 
Ամբիոնի դասախոսներին պարբերաբար վերապատրաստելու առաքելությունը ստանձնել է «Սինոփսիս Արմենիա»-ն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարբեր ծրագրերի միջոցով աջակցել է կրթական ոլորտի զարգացմանը, գիտակցելով, որ այս օղակն է ժամանակի մարտահրավերներին դիմակայելու իրական լծակը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը խրախուսում է բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են երիտասարդ սերնդի զարգացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: