Գագիկ Մակարյան
13:41 | 11.10.11 | Նորություններ | 2037
Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 11-12-ին Երեւանում անցկացվում է սոցիալական գործընկերությանը նվիրված երկրորդ ազգային համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից՝ Արմենտել (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության աջակցությամբ: Համաժողովի առանցքային թեմաներն են աշխատակիցների անվտանգությունն ու առողջության պահպանումը:
Համաժողովին մասնակցում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների, տեղական և արտասահմանյան, պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, հայտնել են Արմենտել-ի մամլո ծառայությունում:
«Աշխատուժը մեծ դեր է խաղում մրցունակության բարձրացման և կազմակերպչական գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հարցում, սակայն, ցավոք, մեր երկրում այս հանգամանքը դեռևս բոլորը չեն գիտակցում: Աշխատակիցների առողջության պահպանումը և անվտանգության ապահովումն այսօր հանդիսանում է հայաստանյան բիզնեսի թույլ կողմերից մեկը և մենք այս համաժողովի շրջանակում կփորձենք գտնել ճանապարհներ այն հնարավորինս զարգացնելու համար»,- ասել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«ԱրմենՏել-ը չափազանց կարևորում է իր աշխատակիցների անվտանգությանն ու առողջության պահպանմանն ուղղված համակարգերի կիրառումն ու զարգացումը, այն իր մեջ ներառում է նաև բժշկական ապահովագրության բոլոր տեսակները», - ասել է ԱրմենՏել-ի մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: