16:55 | 03.10.11 | Նորություններ | 3395

Orange-ը բարձրացնում է անսահմանափակ ինտերնետի արագությունը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը ներկայացրեց Ինտերնետի նորացված սակագնային պլանները:

Այսուհետ Ինտերնետ Հիմայի 9000, 11000 եւ 20000, MyFi-ի 10000, 12000 եւ 21000 եւ Ֆլայբոքսի 16000, 21000, 32000 սակագնային պլաններից օգտվող բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 384Կբ/վ ներբեռնման արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն մինչեւ 512Կբ/վ արագությամբ:

Նշված սակագնային պլանների համար կրկնապատկվել է վերբեռնման արագությունը. այժմ փաստաթղթեր, երգեր կամ նկարներ կարելի է բեռնել համացանց մինչեւ 256Կբ/վ արագությամբ:

«Մեր ինտերնետ առաջարկներով գերարագ ինտերնետը հասանելի դարձրինք տասնյակ հազարավոր մարդկանց համար: Մեր բաժանորդները սովորեցին, թե ինչ է իրական ազատությունը շարժական ինտերնետի հետ, որը ոչ թե թանկ հաճույք է, այլ պարզապես առօրյա հնարավորություն: Սակայն մենք շարունակում ենք մշտապես հետեւել մեր բաժանորդների արձագանքներին եւ փորձում մի քայլ առաջ իրականացնել նրանց ակնկալիքները: Այսուհետ մեր հին բաժանորդները, ինչպես նաեւ նրանք, ովքեր դեռ նոր պիտի միանան մեզ, կարող են հնարավորինս վայելել շարժական ինտերնետի առավելությունները` ավելի արագ, սակայն նույն ամսավճարի դիմաց», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինտերնետ Հիմայի 6,000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդներն ամսական ստանում են 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ, 9,000-ինը` 6 գիգաբայթ, 11,000-ինը` 11 գիգաբայթ, իսկ 20,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները` 24 գիգաբայթ:

Գիշերային ժամերին`ժամը 2-ից մինչեւ 8-ը, Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար` իրենց Ինտերնետ Հիմա, MyFi կամ Flybox մոդեմի հիմնական ինտերֆեյսից ուղարկելով NI բանալի բառը 111 համարին:

Orange-ն այսօր շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում 67 հազար բաժանորդի Հայաստանի բոլոր մարզերում, որոնք կազմում են շարժական ինտերնետից օգտվողների ավելի քան 60%-ը: Նրանցից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում սպառում է ինտերնետի 7-ից 8ԳԲ թրաֆիկ: