09:49 | 28.09.11 | Նորություններ | exclusive 1166

Ի՞նչ է սպասում ՏՀՏ-ոլորտը Հայաստանի նախագահից

Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 16-18-ը Աղվերանում կայացել էր Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքը, որի ընթացքում քննարկվել էր ՀՀ նախագահին ներկայացվելիք ՏՀՏ ոլորտի բարեփոխումների առաջարկությունների փաթեթը:

Փաթեթը մշակվել է՝  հիմք ընդունելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության (ԻՏՁՄ) վարչության եւ Սերժ Սարգսյանի ապրիլին կայացած հանդիպման արդյունքները:

Ֆորումի ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բարեփոխման հայեցակարգը, ՀՀ նախագահի հովանու ներքո տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագրի նախագիծը:

Մեդիամաքս-ի խնդրանքով ԻՏՁՄ-ը տրամադրել է վերոհիշյալ առաջարկությունների նախագծերը (փաթեթը բաղկացած է 3 հայեցակարգերից), որոնցից առանձնացրել ենք կենտրոնական դրույթները:

Առաջարկների հեղինակներն առաջարկում են ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության եւ ինովացիոն զարգացման համակարգված ու կենտրոնացված կառավարումը՝ առանձնացված պետական կառավարման մարմնի ստեղծման միջոցով:

ՀՀ նախագահին առաջարկվում է տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտներում որակյալ շրջանավարտների քանակը հասցնել տարեկան 2000-ի, խթանել սկսնակ ընկերությունների ստեղծումը (2018թ.-ին նրանց քանակը հասցնելով 1000-ի, աշխատողների թվաքանակը` 20.000-ի):

Կառավարությունը 2008թ. ընդունված Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգում նախատեսել է մինչեւ 2018թ. շուրջ 1000 տեխնոլոգիական ձեռնարկությունների ստեղծում: Սակայն, եթե հաշվի առնենք, որ տեխնոլոգիական ձեռնարկությունների «գոյատեւման» ցուցանիշը 10 տարվա կտրվածքով մոտ է 20%-30% է, ապա դա նշանակում է, որ թիրախային ցուցանիշին հասնելու համար տարեկան պետք է ստեղծվեն 300-500 ընկերություններ (այսօր ինքնաբերաբար ստեղծվող 30-ի դիմաց): Վերոնշյալ խնդրի լուծման եւ տարեկան նման քանակի ձեռնարկություններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հատուկ գործողությունների ծրագիր եւ ենթակառուցվածք», - ասված է առաջարկությունների փաթեթում:

Առաջարկների հեղինակները ներկայացնում են ձեռներեցության ծավալուն զարգացման ենթակառուցվածքի ապահովմանն ուղղված 13 քայլեր, որոնք, մասնավորապես, ներառում են գրանտային, վարկային եւ վենչուրային ֆինանսավորման մեխանիզմների ներդրում, գործող ընկերությունների կողմից նորաստեղծ ընկերություններին ուղղորդման մեխանիզմ (mentoring) ձեւավորում,
հարկային արտոնություններ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների եւ մշակույթի ձեւավորում:

ՀՀ նախագահին առաջարկվում է նաեւ տնտեսապես զարգացած երկրների հայտնի համալսարանների օրինակով Հայաստանի պետական  ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) զարգացնել ինովացիոն գործունեությունը` վերածելով այն հզոր գիտակրթական կառույցի: “Տվյալ ծրագրի առաքելությունն է` Հայաստանը դարձնել ինժեներական մասնագետների պատրաստման համաշխարհային կենտրոն”, - ասվում է փաթեթում:

Գիտակրթական գործունեության կազմակերպման նպատակով առաջարկվում է, մասնավորապես, բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավել ՀՊՃՀ կառավարման խորհրդում, ստեղծել ընկերությունների լավագույն մասնագետներին բուհերում դասավանդելու եւ գիտահետազոտական աշխատանքներ վարելու խրախուսման մեխանիզմներ; կազմակերպել արտասահմանցի դասախոսների ներգրավում` ՀՊՃՀ-ում դասավանդելու նպատակով: