14:01 | 19.09.11 | Նորություններ | 3548

ԱրմենՏել-ի աջակցությամբ նկարահանված ֆիլմաշարի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 20-ին

Երեւան/Մեդիամաքս/.Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված, «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) ֆինանսական աջակցությամբ նկարահանված  «Վերածնունդ»  ֆիլմաշարի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Նկարահանումներն իրականացրեց Գյումրիի “Վան” հեռուստաստուդիան: Ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված է Հայաստանին, իսկ մյուսները` Երեւանին եւ հանրապետության 10 մարզերին:

««Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի հանրապետությունում եւ Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու եւ գնահատելու իրենց հնադարյան հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան եւ հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան: Ֆիլմաշարը` յուրահատուկ հանրամատչելի տեսաձեռնարկ է, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե հին, եւ թե նորագույն պատմության ընթացքը», - նշել է «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը:

«Մեր ընկերության համար Անկախության տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: Ընկերության պատմությունը սերտորեն կապված է անկախ Հայաստանի պատմության հետ: Ինքնիշխան Հայաստանի ինստիտուտների ներդաշնակ գործունեությունն այսօր ընթանում է տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից մեկի` հեռահաղորդակցան  զարգացմանը զուգահեռ: Իմ կարծիքով, այս ֆիլմը, որն արտացոլում է Հայաստանի պատմական զարգացման վերջին շրջանը, կօգնի աճող սերունդներին էլ ավելի իմաստավորել Անկախության տոնի նշանակությունը», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: