15:21 | 16.09.11 | Նորություններ | 3887

ADC-ն գործարկել է պահուստային միջազգային ինտերնետ-կապուղին

Երեւան/Մեդիամաքս/.Armenian Datacom Company (ADC) ինտերնետ-պրովայդերը սեպտեմբերի 15-ին գործարկել է պահուստային միջազգային ինտերնետ-կապուղին, որի միջոցով ընկերության բաժանորդները չեն զրկվի կապից Fibernet-ի կապուղու վնասվելու դեպքում:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել է ADC կոմերցիոն տնօրեն Լեւոն Իսրայելյանը, պահուստային կապուղին վարձակալվել է միջազգային ելք ունեցող այլ օպերատորից (Fibernet-ից բացի միջազգային ելք ունեն նաեւ Արմենտելը եւ GNC Alfa-ն):

ADC ներկայացուցիչը ձեռնպահ մնաց տեղեկացնելուց, թե ո՞ր պրովայդերից է վարձակալվել պահուստային կապուղին, նշելով միայն, որ այն դուրս է գալիս դեպի Վրաստան:

«Կապուղին ամբողջովին ռեզերվացված է (fully redundant)` մի քանի գիգաբիթ թողունակությամբ, որի շնորհիվ Fibernet-ի կապուղու վնասվելու դեպքում բաժանորդների կապը չի ընդհատվի եւ արագության փոփոխություն տեղի չի ունենա», - ասել է Լեւոն Իսրայելյանը:

Մինչ այդ ADC-ն օգտվում էր միայն իր Fibernet-ի կապուղուց, որը երկաթուղու երկայնքով դուրս է գալի դեպի Վրաստան: 2010թ. տարեվերջին Fibernet Communication-ը ձեռք է բերվել Armenian Datacom Company-ի բաժնետեր նորվեգական ADC Holding AS-ի կողմից: