17:12 | 13.07.11 | Նորություններ | 3902

Հայաստանը պետք է ապացուցի աշխարհին, որ այստեղ կարելի է ՏՏ բիզնեսով զբաղվել, ասել է ABBYY-ի փոխնախագահ

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը պետք է ապացուցի աշխարհին, որ այստեղ կարելի է ՏՏ բիզնեսով զբաղվել, այնուհետեւ փորձի ներգրավվել արտասահմանյան կապիտալ, այսօր Երեւանում ասել է ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:

ABBYY-ն հեղինակել է այնպիսի հայտնի համակարգչային ծրագրեր, ինչպիսիք են Lingvo-ն ու Fine Reader-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանդես գալով «Սեփական ՏՏ բիզնես. ինչո՞վ զբաղվել եւ ինչպես դա անել» թեմայով վարպետության դասին, Արամ Փախչանյանն ասել է, որ միջազգային համբավ ձեռք բերելու համար որեւէ հայկական ՏՏ ընկերություն պետք է կարողանա կայանա միջազգային ասպարեզում:   

«Հայաստանը դեռեւս չի դարձել հեղինակություն ՏՏ բնագավառում, նման խնդիր կա նաեւ Ռուսաստանում: Նույնիսկ ABBYY-ն երբեմն բախվում էր այդ խնդրին. երբ նոր էին մուտք գործում ամերիկյան շուկա`ստիպված էինք «թաքցնել», որ ռուսաստանյան ընկերություն ենք», - ասել է Արամ Փախչանյանը:

Որպես Հայաստանում ՏՏ բիզնես հիմնելու դրական գործոններ Արամ Փախչանյանը նշել է տեղական աշխատուժի շուկայում մրցակցության ոչ մեծ ծավալը: Ըստ նրա, դրական գործոն է նաեւ սփյուռքի առկայությունը, որը կարող է օգտակար լինել կապիտալ հայթայթելու, ինչպես նաեւ արտասահմանում գրասենյակ բացելիս աշխատուժ ներգրավելու տեսանկյուններից:

ABBYY փոխնախագահի գնահատմամբ, եւս մեկ դրական գործոն է հայկական ՏՏ ընկերությունների՝ ԱՊՀ ընդարձակ ռուսալեզու շուկաների վրա աշխատելու լայն հնարավորությունը:

Արամ Փախչանյանը խոսել է նաեւ անվճար եւ պայմանական անվճար (freemium) ծրագրային ապահովման եւ կայքերի մասին: «Ակնհայտ է, որ նման պայմաններում ՏՏ-բիզնես սկսելու համար անհրաժեշտ է սկզբնական գումար եւ հստակ բիզնես-ռազմավարություն: Պետք է նաեւ հիշել, որ ձեր ծրագրային ապահովման դիմաց վճարողների մասնաբաժինը օգտագործողների ընդհանուր թվում կկազմի առավելագույնը 8%», - նշել է ABBYY փոխնախագահը: