Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր
ասել է, որ Հայաստանում վենչուրային հիմնադրամներ չլինելու համար կան
օբյեկտիվ պատճառներ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան
Դավթյանն այսօր Ֆինանսաբանկային քոլեջի ուսանողների հետ հանդիպման ժամանակ
ասել է, որ վենչուրային հիմնադրամների ստեղծման գործում պետությունը կարող է
մասնակցություն ունենալ այն դեպքում, երբ ակնհայտ կլինի մասնավոր հատվածի
ֆինանսական հետարքրքությունը:
«Վենչուրային հիմնադրամի ստեղծումը
ռիսկային նախագիծ է: Կան վարկային ռեսուրսներ, որոնք հնարավոր կլինի ուղղել
վենչուրային ֆոնդերի ձեւավորմանը, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների
ոլորտում: Սակայն ռիսկը կնվազի միայն մասնավոր հատվածի աջակցության
դեպքում»,-ասել է էկոնոմիկայի նախարարը:
Մեդիամաքս-ը նշում է, որ
Հայաստանն ու Ռուսաստանը արդեն մի քանի տարի որոնում են տեխնոպարկի եւ
վենչուրային հիմնադրամի այն մոդելը, որը կարող է ստեղծվել «Մարս» գործարանի
հիման վրա: 2010թ. հոկտեմբերին, խոսելով «Մարս» գործարանում Սիտրոնիքս
ռուսաստանյան կոնցեռնի ներդրումային ծրագրի իրականացման հետաձգման
պատճառների մասին` Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «ծրագրին հարվածել է
համաշխարհային ֆինանսական ճգնաժամը»:
Նախորդ տարվա մարտին,
հանդիպելով Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ տարածաշրջանային
տնօրեն Սնեժանա Ստոյկովիչին, ՀՀ վարչապետը հեռանկարային էր համարել ՄՖԿ-ի
ներգրավումը Հայաստանում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում`
ընդգծելով մասնակցության ձեւի մշակման անհրաժեշտությունը:
Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանում առայսօր չկան վենչուրային հիմնադրամներ: