18:45 | 07.07.11 | Նորություններ | 3510

ՀՀ կառավարությունը անցել է Apple-ի

Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա կառավարության նիստի լուսանկարները վկայում են այն մասին, որ նախարարները սկսել են Apple-ի համակարգիչներ օգտագործել:  

ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանն այսօր Մեդիամաքսին ասել է, որ նախկին համակարգիչները նիստերի դահլիճում օգտագործվում էին 2003 թվականից եւ 8 տարիների ընթացքում ֆիզիկապես եւ բարոյապես մաշվել էին:  

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ շարժական համակարգիչների գնման մրցույթը այս տարվա ապրիլին էր հայտարարվել: Նա նշել է, որ մրցութային հայտարարության մեջ չկար պահանջ հենց Apple-ի արտադրանքը մատակարարելու մասին: «Մենք նշել էինք համակարգիչների տեխնիկական տվյալները եւ չափսերը», - ասել է Դավիթ Սարգսյանը:

Նա նշել է, որ մրցույթին միայն մեկ ընկերություն էր մասնակցել, որը եւ առաջարկել էր Apple նոութբուքեր:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.gnumner.am կայքում: