11:07 | 01.07.11 | Նորություններ | 2160

Ջասթին Թիմբերլեյքը կփորձի փրկել MySpace-ը

Երեւան/Մեդիամաքս/. Ժամանակին շատ հայտնի MySpace սոցիալական ցանցը վաճառվել է Specific Media ամերիկյան ընկերությանը $35 մլն-ով, չնայած 2005-ին միլիարդատեր Ռուպերթ Մերդոքը դրա համար վճարել էր $580 մլն:

“MySpace-ի պատմությունը հիանալի օրինակ է այն բանի, որ նույնիսկ հաջող ինտերնետ-մեկնարկը կարող է վերածվել անպիտանի ռեսուրսի` այցելության եւ շահույթի կտրուկ ընկնող ցուցանիշներով”,- գրում է այսօր РБК Daily-ն:

Թերթը նշում է, որ հայտնի երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքը հավատացել է MySpace-ի հնարավորություններին եւ որոշել է օգնել նախագծի վերածնմանը: Հաղորդվում է, որ Թիմբերլեյքը անմիջական մասնակցություն կցուցաբերի ընկերության ղեկավարման գործին:

Փորձագետների կարծիքով, MySpace-ի մենեջմենթի հիմնական սխալը նախագծի արագ առեւտրայնացման փորձն էր: Գնումից արդեն մեկ տարի հետո News Corp.-ին հաջողվեց Google-ից ստանալ $ 900 մլն` կայքում իր որոնողական շարժիչի օգտագործման եւ գովազդներ տեղադրելու բացառիկ իրավունքի համար: 2007-ին կայքը դարձավ մոլորակի խոշորագույն սոցիալական ցանցը` ամսական 100 մլն. այցելուներով: Այնուհանդերձ, որոշումների ընդունման հարցում դանդաղկոտությունը եւ նախագծից որքան հնարավոր է մեծ ֆինանսական օգուտ քաղելու փորձը հանգեցրին ռեսուրսների անկմանը:

comScore-ի համաձայն, MySpace-ի այցելուների ամսեկան թիվը չի գերազանցում 35 մլն-ը (Facebook-ինը` 700 մլն):