15:24 | 29.06.11 | Նորություններ | 2246

Google-ը վիդեոչատով սոցիալական ցանց է գործարկել

Երեւան/Մեդիամաքս/. Google-ը ներկայացրել է իր Google+ սոցիալական ցանցը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ընկերությունը նոր ծառայության հնարավորությունների մասին պատմել է իր բլոգում:

Google+-ում «ընկերների» միասնական ցուցակ գոյություն չունի: Դրա փոխարեն կոնտակտներն ըստ «շրջապատների» են բաշխվում` բարեկամներ, գործընկերներ, համադասարանցիներ եւ այլն: Գաղտնիության կարգավորումները յուրաքանչյուր շրջապատի համար առանձին են արվում: Գործում է նույն «շրջապատի» մեջ գտնվող բոլոր օգտագործողներին հաղորդագրություն ուղարկելու ֆունկցիան:

Սոցիալական ցանցում վիդեոչատ կա, որի միջոցով միաժամանակ կարող են շփվել մի քանի օգտագործողներ: Չատի գլխավոր պատուհանում տվյալ պահին խոսող օգտագործողի վեբ-տեսախցիկի պատկերն է երեւում:

Google+-ի օգտագործողը կարող է կարգավորումների մեջ նշել իր հետաքրքրությունները: Դրանից հետո թարմացումների ցանկում նա թեմատիկ հոդվածների եւ տեսահոլովակների հղումներ կտեսնի:

Google-ը սոցիալական ցանցի հետ աշխատանքի համար բջջային հավելվածներ կգործարկի: Android պլատֆորմի համար նախատեսված ծրագիրն արդեն հասանելի է Android Market-ում, իսկ iPhone-ի, iPod touch-ի եւ iPad-ի համար ծրագիրը ավելի ուշ կգործարկվի: 

Google+-ը դեռեւս բետա-տարբերակով է աշխատում: Սոցցանցում գրանցվել հնարավոր է միայն հրավերքով: Ծառայությունը հասանելի է ավելի քան 40 լեզուներով, այդ թվում` ռուսերեն: