12:59 | 24.06.11 | Նորություններ | 4289

Մեկնակել են ԴիջիԹեք Բիզնես եւ Մայքրոսոֆթ Ինովցիոն ֆորումները

Երեւան: Մեդիամաքս: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես եւ Մայքրոսոֆթ Ինովցիոն ֆորումները մեկնակել են Երեւանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով ֆորումի բացմանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին 3 տարիներին ՏՏ-ոլորտը զարգացման տեմպով առաջատար դիրք է զբազեցնում Հայաստանի տնտեսության մեջ:

«Եթե 2009թ. Հայաստանում կային բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1.1 մլն բաժանորդներ, ապա 2011թ. առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 1.7 մլն: 2009 թվականը մենք ավարտել ենք` ունենալով լայնաշերտ ինտերնետի 70 հազ. բաժանորդ, իսկ 2011թ. առաջին եռամսյակի արդյունքներով ունենք լայնաշերտ ինտերնետի 240 հազ. բաժանորդ: Կարեւոր է նաեւ այն, որ բաժանորդների թվի աճն ուղեկցվում է գների նվազմամբ. լայնաշերտ  ծառայությունների 1 Մբիթ/վ միջինացված գինը 2009-ի արդյունքներով կազմել էր 234 հազ. դրամ, իսկ 2011թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմում է 55 հազ. դրամ, եւ նվազման միտումը շարունակվում է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ենթակառուցվածքային այդպիսի նախադրյալները բարենպաստ պայմաններ են ստեղծում ՏՏ զարգացման համար:

Ֆորումի գլխավոր հովանավոր` “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Ւգոր Կլիմկոն նշել է, որ 2010թ. Հայաստանը գրանցել է ինտերնետ-ծառայություններից օգտվողների թվի աննախադեպ աճ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում, «ինչը թույլ է տալիս ակնկալել, որ մոտ ժամանակներս ՏՏ-ոլորտի կենտրոնացումը մայրաքաղաքում կավարտվի, եւ ընկերությունները կսկսեն աշխատել Հայաստանի մյուս հատվածներում»:

Խոսելով ԴիջիԹեք Բիզնես ֆորումի կարեւորության մասին` Իգոր Կլիմկոն ասել է. «Եկել է ժամանակը, որ հայկական ձեռնարկությունները մեծ ուշադրություն դարձնեն տեղական ՏՏ ընկերությունների ներուժին, քանի որ նրանց ծառայությունները եւ ապրանքները հաճախ չեն զիջում միջազգային ծառայություններ մատուցող ընկերությունների մակարդակին»:

ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշել է, որ ֆորումը միտված է լրացնել այն բացը, որը դեռեւս առկա է տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ մատուցողների եւ գործարար համայնքի միջեւ:

Երկօրյա միջոցառումը ներառում է «DigiTec Business» ֆորում-ցուցահանդեսը, Մայքրոսոֆթ ինովացիոն ֆորումը, ինչպես նաեւ տեխնոլոգիական կենֆերանսների եւ սեմինարների շարք:

Ֆորումին մասնակցում են շուրջ 30 ընկերություններ եւ կառույցներ, որոնց թվում են նաեւ 5 վրացական ՏՏ ընկերություններ եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը:   

Ֆորումի մուտքը տոմսերով է, որոնց արժեքը կազմում է 6000 դրամ: Այցելուների տոմսերը հունիսի 25-ին, ժ. 15-ին կմասնակցեն խաղարկությանը, որի հաղթողները մրցանակներ կստանան ԱրմենՏելից եւ Մայքրոսոֆթից:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ԱրմենՏելը, պաշտոնական գործընկերը՝ Մայքրոսոֆթը:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումի աշխատանքային ժամերն են` այսօր մինչեւ 18-ը, իսկ մայիսի 25-ին՝ 10-ից մինչեւ 17-ը: