16:24 | 20.06.11 | Նորություններ | 751

«Անի» խաղը լավագույնն է ճանաչվել համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունում

Երեւան: Մեդիամաքս: Green Circle թիմի ստեղծած «Անի» 3D shooter-ը լավագույնը ճանաչվեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնությունում: Խաղի գործողությունները տեղի են ունենում Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիում:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են առաջնության գլխավոր հովանավոր` Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունում, հունիսի 18-ին տեղի ունեցած եզրափակչի արդյունքներով «Լավագույն դիզայն» անվանակարգում պարգեւատրվեց Ռուզաննա Ասրյանը «Սասունցի Դավիթ» խաղի կերպարների եւ միջավայրի ձեւավորման եւ դիզայնի համար:

«Լավագույն շարժական հավելված-խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Vaspurik թիմը, որը նախագծել է Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար նախագծված «Վասպուրիկ» խաղը (հանրահայտ Մարիո խաղի վարիացիան է): «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթողի կոչումը կիսել են Վիկտորիա Հարությունյանի մշակած Viking խաղը, LeMaLuSp թիմի համանուն խաղը եւ Event Horizon թիմի մշակած Thief-The Apprentice խաղը: Ժյուրին որոշում է կայացրել այս տարի մրցանակներ չհանձնել «Լավագույն նորարարություն», «Լավագույն անիմացիա» եւ «Լավագույն կերպար» անվանակարգերում:

«Մենք եւ ցուցահանդեսի բոլոր այցելուները բացահայտեցինք մի շատ կարեւոր բան. Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, կա մեծ ներուժ ու ստեղծագործական միտք, իսկ նրանց բոլորին պետք է պարզապես խրախուսել»,-  մրցանակաբաշխության ընթացքում նշել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: